Փաշինյանը կեղծել է ընտրությունը

0

Ո՛չ, վերնագրում սխալ չկա, Նիկյոլ Փաշինյանը 2018 թվականին կեղծել է ընտրությունը՝ ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ ընռրությունը որպես ինստիտուտ, գաղափար: Այդ օրերի համատարած «հեղափոխական էյֆորիայի», Երևանի քաղաքապետի ընտրություններից սկիզբ առած սևի ու սպիտակի բաժանման, «հագահեղափոխականներին» բռնելու մոլուցքի մթնոլորտում չէր կարող լինել արդար ընտրություն, ազատ կամարտահայտություն: Այն սակավաթիվները, ովքեր եկան ընտրատարածք, այո՛, ազատ արտահայտեցին իրենց կամքը, բայց ոչ բոլորն էին պատրաստ գնալ այդ ընտրությանը, ոչ բոլորն էին պատրաստ գնալ խորհրդարան, որովհետև արդեն երկրում վենդետայի շունչ կար: Զոմբիները դուրս էին եկել իրենց թաքստոցներից և բոլորին համոզում էին, որ երկրի տնտեսության անկումը, արտաքին ներդրումներ չլինելը պայմանավորված եմ բացառապես նախկինների խորհրդարանով ու օր առաջ դա պետք է փոխել:

Այսօր էլ, երբ Փաշինյանը բղավում է ինչ-որ հանրաքվեի կամ արտահերթ ընտրությունների մասին, վստահ է ոչ թե հրապարակի «կողմնակիցների» վրա, այլ այն ադմինիստրատիվ ռեսուրսի, որը Գյումրի-Երևան մայրուղու վրա «սատարում» է բեմադրում, կազմակերպում է «Եռաբլուրի առումը» և «լցնում» է Հանրապետության հրապարակը:

Դեռևս դեկտեմբերի 16-ին մի հոդված էի հրապարակել «Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի» վերնագրով, որտեղ հանգամանորեն ներկայացրել էի իշխանությունը ժողովրդից խլելու և բացառապես իր անձնական անվտանգությանը ծառայեցնելու փաշինյանական մոտիվացիան: Հատկանշական է, որ դրանից մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Փաշինյանը մի միտք արտահայտեց, թե «ապագա ընտրությունները կեղծելու կարիք, գուցե, ունի»: Այսօր, երբ իր հարաժարականն են պահանջում հայ հասարակության բոլոր խավերը, ընտրությունները կեղծելու մոտիվացիան կուլմինացիայում է: Փաշինյանը հասկացել է, որ կորցրել է ոչ միայն ժողովրդի, այլև օր օրի կորցնում է իր իսկ թիմակիցների վստահությունը: Նույնիսկ այս տոտալիտար վերահսկողության պայմաններում նա պատգամավորներ կորցրեց, իր դեմ հանեց բանակի ղեկավարությանը և դա ստիպում է ինչ-որ հապշտապ քայլեր ձեռնարկել: Բայց ժողովուրդը չպետք է հավատա անփառունակ պատերազմում պարտված, հազարավոր զոհեր ու հողեր հանձնած Փաշինյանին: Այդ ընտրությունները նրան պետք են սեփական մաշկը և իշխանությունը փրկելու համար: Եվ եթե 2018-ի դեկտեմբերին նա ընտրությունները կեղծեց, ապա հիմա պատրաստ է և ամեն ինչ անելու է արդեն նոր ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Փաշինյանը չի կարող և իրավունք չունի ընտրություն կազմակերպել:

Leave A Reply

Your email address will not be published.