«Բավարիայի» ծագող աստղը կխաղա Գերմանիայի հավաքականում. Նա հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային թիմերում
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ Գերմանիայի ազգային հավաքականում: Իտալական «Լացիոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 17-ամյա Մուսիալան դարձել էր «Բավարիայի» կազմում այդ մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
«Հասկացա, որ ճիշտ կլինի հանդես գալ այն երկրում, որտեղ ծնվել եմ: Դա բարդ որոշում էր ինձ համար»,- Մուսիալայի խոսքը մեջբերում է The Athletic-ը:
Ջամալ Մուսիալան ծնվել է գերմանական Շտուտգարտում, իսկ պատանեկան հասակում տեղափոխվել է Անգլիա և մարզվել Լոնդոնի «Չելսիի» ակադեմիայում: Նա հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում: Մուսիալայի մայրը գերմանուհի է, իսկ հայրը նիգերիացի: Նա «Բավարիայի» կազմում նորամուտը նշել է 2020-ի հունիսին՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ խաղացողը: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 25 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ: