«Վստրեչի Ապերը» կկալանավորվի
Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր բեկանել է Վարդանյանին 75 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել՝ բավարարելով դատախազության բողոքը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հունվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, քրեական գործով նախնական դատական նիստի ընթացքում Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը քննարկելիս, թույլատրելի էր համարել նրա նկատմամբ գրավի կիրառումը՝ գրավի չափ սահմանելով 75 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանի վերաբերյալ կան հարուցված մի քանի քրեական գործեր, որոնցից մեկով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։ Վարդանյանի շուրջ աղմուկը մեծացավ հատկապես 2020թ մարտի 5-ի լույս գիշերը նրա և նրա հարազատների տանն իրականացվող խուզարկությունից հետո։ Մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։ Մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։ Արամ Վարդանյանը, տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվելուց հետո, ձերբակալվել է 2020թ հուլիսի 12-ին, ապա կալանավորվել։
Ինչ վերաբերում է դատարան ուղարկված քրեական գործին, ապա այն վերաբերում է Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում միացված քրեական գործին։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վարդանյանը, 2012թ. իր ծանոթից ստանալով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակելու առաջարկ, համաձայնել է և այդ նպատակով պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, վերջինս, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, ինչպես նաև՝ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում, ընդհանուր առմամբ, շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամին համարժեք դրամական միջոցներ և գույք: Բացի դա՝ Վարդանյանը, շորթմամբ հափշտակած՝ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 20.087.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ առանձնատունը օրինականացնելու նպատակով, քողարկելով դրա ծագման իրական աղբյուրը, իր մտերիմին հանձնարարել է պարտապանի մոր հետ կնքել առանձնատան վաճառքի ձևական պայմանագիր, որից հետո՝ 2012թ. սեպտեմբերի 28-ին, կնքվել է առանձնատան առուվաճառքի պայմանագիրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։