Էդգար Բաբայան. Հայաստանի հավաքականում խաղալը շատ բան է նշանակում ինձ համար
Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգայի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը պատմել է, թե ինչպես է ընդունել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու որոշումը:
«Ես միաժամանակ հրավեր ստացա Դանիայի ու Հայաստանի երիտասարդական հավաքականներից: Մտածում էի, որ ինձ համար բարդ կլինեն Հայաստան հաճախակի ուղևորությունները, բացի այդ, մշտապես կապի մեջ էի Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն դեռ չունեի դանիական անձնագիր: Երբ ստացա այն, ինձ հրավիրեցին հավաքի: Խնդիրն այն էր, որ մյուս խաղացողները կանոնավոր կերպով խաղում էին իրենց ակումբներում, իսկ ես հանդես էի գալիս երկրորդ թիմում: Ես ունեցա Դանիայի երիտասարդական թիմում մեկ հանդիպում անցկացնելու հնարավորություն, իսկ հետո տեղափոխվեցի «Հոբրո»:
Իհարկե, բարդ էր ընտրել երկիրը, քանի որ ես ինձ ավելի շատ հայ եմ համարում, ծնողներս այնտեղից են, և մենք խոսում ենք հայերեն: Երբ Հայաստանի հավաքականին միանալու համար մեկնեցի Հայաստան և տեսա երկիրը, այնտեղ շատ դուր եկավ ինձ: Սակայն ինձ համար Դանիայում ևս լավ է: 2 երկրներն էլ իմ տունն են:
Հայաստանի հավաքականում խաղալը շատ բան է նշանակում ինձ ու ընտանիքիս համար, հատկապես հպարտ է հայրս: Վերջապես վերադարձանք Հայաստան, ես ու ընտանիքս հպարտ ենք»,- «Ռիգայի» մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել է հայ ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Էդգար Բաբայանը կտեղափոխվի Կիպրոսի «Պաֆոս»: Օրեր առաջ 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Ռիգայի» հետ, որի կազմում կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Վերջերս Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։
Դանիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 111 հանդիպում, դարձել 20 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է կես միլիոն եվրո։
2014 թվականին հիմնադրված «Ռիգան» Լիտվայի եռակի չեմպիոն է, տիտղոսները նվաճել է 2018-ին, 2019-ին ու 2020-ին: