ԱԱԾ-ն գտա՞վ «սատանային»

0

Որքա՞ն պետք է երկրի իշխանությունն իր քաղաքացիների համար ատելի ու վտանգավոր լինի, որ մարդիկ խուսափեն իրենց անունից խոսել, միտքը այլաբանություններով արտահայտել, հարևանի կամ բարեկամի հետ խոսելիս այնքն «պոլիտկոռեկտ» լինել, որ զրուցակիցը հանկարծ ու մի բան չգտնի և մոտնի «պատկան մարմիններին»: Սա քաղհասարակյության վախճանն է, այն հասարակության, որի շահերը, ձայնի իրավունքը «պաշտպանելու» համար Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում իշխանությունից: Համենայն դեպս այդպես է բացատրում իշխանության մնալու իր մոտիվացիան: Բայց որքան փարիսեցիություն կա այդ արդարացման մեջ: Երկրի վարչապետը ձախողել է տնտեսությունը, տանուլ է տվել պատերազմ, որի ընթացքում ավելի քան 5000 զոհ է տվել, 10000-ից ավելի մարդ վիրավոր ու հաշմանդամ է դարձել, անհետ կորածների և գերիների թիվը պատերազմից 3 ամիս անց դեռ «պետական գաղտնիք» է, նույնիսկ վարչապետին մոտիկից նայելու ցանկության համար մարդկանց բերման են ենթակում (բացառությամբ Գյումրի-Երևան մայրուղուց), կոռուպցիան փռված է փողոցում, կառավարման բոլոր օղակները անգործության են մատնված, իսկ խորհրդարանական մեծամասնությունը մեկը մյուսի ետևից անիմաստ դրակոնյան օրենքներ է դակում ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը այդպիսի «ժողովրդավարությունը» փրկելու նկատառումներով հրաժարական չի տալիս: Եթե ուզում եք իմանալ, այդպիսի պետական համակարգն ու ժողովրդավարությունը ոչ թե փրկել, այլ կրակին տալ է պետք:

Հետաքրքիր է, որ պետական համակարգն էլ է հասկանում, որ ինքը բանի պետք չէ, սակայն ինքնամաքրվելու, պետականամետ և պետականապաշտպան գործը թողած, իշախանությունում սոսնձվածներին պաշտպանելուն, նրանց քմահաճույքները կատարելուն է լծվել: Իհարկե, հեշտ է գործ չանել և աշխատավարձ ստանալ, քան գործ անել: Հայաստանի պատառոտված սահմանները թուրք ու ադրբեջանցի լրտեսներից պաշտպանելու, օտարերկրյա գործակալական ցանցերի, բացահայտ իրավական ամենաթողության դեմ պայքարելու փոխարեն Հայաստանի ԱԱԾ-ն ֆեյքեր է որսում: Բայց դրանք հիմա ամենուր են, նույնիսկ կառավարությունում ու ԱԺ-ում, որովհետև չեն ասում այն ինչ մտածում են, չեն անում այն ինչը ճիշտ են համարում, որովհետև վախեցած են իրենց ստեղծած «ժողովրդավարությունից, իրենց հռչակած «թավիշից», որովհետև ճորտական կաբալ են ստորագրել մի մարդու հետ, որն իրենց շահագործում է բոլոր միջանցքներում, բոլոր միջանցքներից:  Այդ իրենց անունով ու իրենց դեմքով ֆեյքերին է պետք օր առաջ բռնել ու պատասխանատվության ենթարկել, եթե ԱԱԾ-ն համարում է, որ իր գործը ֆեյք բռնելն է:

Հիմա էլ Արա Սաղաթելյանին ու Կարեն Բեքարյանին են ձերբակալել: Ի՞նչ է, նրանք երբևէ վախեցե՞լ կամ վարանե՞լ են իրենց կարծիքը հրապարակային արտահայտելուց, ումի՞ց են վախեցել: Իրականում նրանք չեն վախենում, այդ նրանցից են վախենում: ԱԱԾ-ն այդ աստիճան ստորացնելն ու դիմազրկելը վախկոտների համար հակառակ էֆեկտն է ունենալու: Հեռու չէ այն օրը, երբ նույն այդ ԱԱԾ-ն թակելու է իրենց դուռը, բայց այդ ժամանակ կարեկցանք կամ արդարություն պահանջել հնարավոր չի լիչնելու, որովհետև հենց իրենք են ԱԱԾ-ին սատանա բռնող դարձրել: 

Leave A Reply

Your email address will not be published.