Երկրաշարժի հանգեցրած Փարաքար–Դվին խզվածքը ժամանակին Դվինի կործանման պատճառն է եղել. երկրաբան
NEWS.am–ի զրուցակիցն է ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը։
Հայաստանի տարածքում գրանցված վերջին երկրաշարժերը հիշեցրեցին, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Ներկայումս երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել. արդյոք դա հիմք է ենթադրելու, որ մոտ ժամանակներս Հայաստանումուժեղ երկրաշարժ չի լինի։
Ցավալի է, որ միայն երկրաշարժերի ժամանակ ենք հիշում, որ ապրում ենք սեյսմոակտիվ տարածքում։ Լարվածության մարումը բնական է, դեռ երկար ժամանակ թույլ ցնցումներ կլինեն, ինչը որոշ չափով կարող է նվազեցնել ուժեղ երկրաշարժի հավանականությունը։Դարերի ընթացքում Հայաստանում տարբեր ուժգնության երկրաշարժեր են եղել, որոնց հիման վրա երկրաշարժերի պատմական քարտեզ է կազմվել եւ ուսումնասիրվել է Հայաստանի տարածքը։ Կազմվել են սեյսմիկ ռիսկի, սեյսմոակտիվ օջախների վերաբերյալ քարտեզներ, որոնց օգնությամբ մենք մոտավոր պատկերացում ունենք, թե նախկինում ինչ մագնիտուդով երկրաշարժի օջախներ են եղել եւ ինչ ուժգնությամբ երկրաշարժերի կարող ենք սպասել։
Ըստ գիտնականների՝ փետրվարի 5-ի երկրաշարժը կապված էր Հայաստանի ամենաերկար՝ Փամբակ—Սեւան—Սյունիքի ակտիվ խզվածքի, իսկ փետրվարի 13-ինը՝ Երեւանյան խորքային խզվածքի հետ: Այս երկու խզվածքներից ո՞րն է ավելի վտանգավոր։ Հայաստանի տարածքում ի՞նչ այլ խզվածքներ կան, որոնք կարող են առաջացնել շատ ավելի ուժեղ երկրաշարժեր։
Երկրակեղեւի կառուցվածքը Հայաստանի տարածքում հիշեցնում է կոտրված ափսե, որի բեկորները տեղում են։ Հայաստանում գրանցված վերջին երկրաշարժը կապված էր Փարաքար–Դվին խզվածքի հետ, որը բավականին երիտասարդ, ակտիվ եւ երկրաշարժածին խզվածք է, եւ դրա հետ կապված նախկինում շատ այլ երկրաշարժեր ենք ունեցել։ 893թ.Դվինի կործանման պատճառ դարձած ուժգին երկրաշարժը եւս կապված է այս խզվածքի հետ։ Ակտիվ խզվածք է համարվում նաեւ Գառնիի խզվածքը, որն սկսվում է Սպիտակից, անցնում է Ծաղկաձորով եւ Չարենցավանով, Երեւանով դուրս է գալիս Գառնի եւ հասնում մինչեւ Նախիջեւան։ Վերջին ուժեղ երկրաշարժը Գառնիի խզվածքում արձանագրվել է միայն 1679–ին եւ պատճառ դարձել մեծ ավերածությունների՝ այդ թվում Գառնիի տաճարի փլուզմանը։ Խզվածքներ կան Սյունիքի, Սպիտակի տարածքներում։ Հայաստանում այսօր կան ակտիվ երկրաշարժածին խզվածքներ, որոնք պարունակում են բավականին մեծ էներգիա, եւ կարող են ուժեղ երկրաշարժերի պատճառ դառնալ։ Կան նաեւ խզվածքներ, որոնք ժամանակին եղել են երկրաշարժածին, սակայն այժմ հանգիստ վիճակում են։
Ի՞նչ գործոններ են ազդում երկրաշարժերի հաճախականության եւ ուժգնության վրա։
Երկրակեղեւը կազմված է բեկորներից, որոնք անընդհատ շարժման մեջ են՝ հեռանում են իրարից, սեղմում մեկը մյուսին եւ այլն։ Սեղմվելու արդյունքում առաջանում է լարում, բերելով հսկայական էներգիայի կուտակման, որն ինչ–որ պահի լիցքաթափվում է՝ առաջ բերելով երկրաշարժեր։ Հաճախականությունը հնարավոր է որոշել՝ հենվելով պատմական տվյալների հիման վրա։ Օրինակ՝ պատմական տվյալներով՝ Դվինում երկրաշարժի օջախը գործել է 863 եւ 893 թվականներին, ինչը բավականին փոքր ինտերվալ է, սակայն մինչ օրս այդպիսի ուժգնությամբ երկրաշարժ չի եղել այդ օջախում։ Այսինքն ասել, թե երբ տվյալ խզվածքում նոր երկրաշարժ կլինի՝ հնարավոր չէ։
Որ՞ոնք են երկրաշարժերի նախանշանները, երկրաբանական ի՞նչ փոփոխությունների հիման վրա կարելի է երկրաշարժերի վերաբերյալ կանխատեսումներ անել։
Երկրաշարժերի կանխատեսման շուրջ 35 նախանշաններ կան՝ ջրերի քիմիական կազմի փոփոխություն, ջրերի մակարդակի բարձրացում, որոշ կենդանիների վարքի դրսեւորումներ, սեյսմիկ դաշտերի փոփոխություններ եւ այլն։ Հնարավոր է բոլոր նախանշաններն առկա լինեն, սակայն երկրաշարժ չգրանցվի կամ այդ նախանշանները լինեն աննշան, սակայն գրանցվի։ Այսինքն հստակ կանխատեսել, թե երբ կլինի երկրաշարժ, անհնար է։ Երբեմն մեր պետական այրերը հայտարարում են, թե սեյսմիկ դաշտը հսկողության տակ է, ինչը ծիծաղելի է։ Երկրաշարժը բնական տարերային աղետ է եւ հնարավոր չէ կանխատեսել՝ երբ կլինի երկրաշարժ, ինչպիսի ընթացք կունենա այն կամ ինչ ուժգնություն կունենա։ Երկրաշարժերը հնարավոր է կանխատեսել՝ ուսումնասիրելով տվյալ տարածքում առկա խզվածքը։ Ինչի հիման վրա կարելի է ասել, թե որ տարածքում կարելի է սպասել երկրաշարժերի, մոտավոր ինչ բալերի կամ ինչ ուժգնության, սակայն հնարավոր են նաեւ շեղումներ, ինչպես եղավ Սպիտակի երկրաշարժի դեպքում, քանի որ պատմականորեն այդ տարածքում նախկինում երկրաշարժեր չէին գրանցվել։
Հայաստանում արդյոք մե՞ծ է տեխնածին երկրաշարժերի հավանականությունը. կա՞ն այնպիսի կառույցներ, արդյունաբերական ձեռնարկություններ, հանքավայրեր, որոնց կառուցումընպաստել է Հայաստանի տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացմանը։
Հայաստանում չունենք այնպիսի հզոր, մեծ ծավալի ջրամբարներ, փորձադաշտեր մեծ խորությամբ հորատ անցքերում կամ թունելներում, որոնք կարող են տեխնածին երկարշարժերի պատճառ դառնալ։ Հայաստանում, կարելի է ասել, բացառված է տեխնածին երկրաշարժերի առաջացումը։ Աշխարհում եղել են տեխնածին երկրաշարժերի դեպքեր՝ օրինակ նավթագործների Գազլի քաղաքն ամբողջությամբ ավերվեց տեխնածին երկրաշարժի արդյունքում, երբ գազային հանքավայրի ինտենսիվ շահագործումը բերել էր շերտերի խտության, ճնշման անկում եւ որոշակի խորության վրա եղել էր մեծ փլուզում, ինչն էլ հիմք էր դարձել երկրաշարժի։Հնդկաստանում էլ օրինակ՝մեծ ծավալի ջրամբարի կառուցումն էր առաջացրել դեֆորմացիաներ, ինչն էլ հանգեցրել էր տեխնածին երկրաշարժի։
Իսկ ռազմական գործողությունների ժամանակ կասետային ռումբերի կամ այլ զինատեսակների կիրառումը կարո՞ղ է որեւէ ազդեցություն թողնել երկրակեղեւի վրա։
Դրանց ազդեցությունը շատ աննշան է, որպեսզի կարողանան երկրակեղեւի վրա որեւէ փոփոխություն առաջացնել։
Թեթեւ եւ միջին երկրաշարժերի պատճառով ի՞նչ այլ բնական աղետներ են հնարավոր։
Երկրաշարժերը կարող են ակտիվացնել սողանքային երեւույթները, որոնք Հայաստանում բավականին տարածված են։ Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժից հետո Դիլիջանի տարածքում սողանքներն ակտիվացան։ Ջրամբարների փլուզումներն իրենց հերթին կարող են պատճառ դառնալ ջրհեղեղների եւ այլն։
Հայտնի է, որ երկրաշարժավտանգ երկրներում բազմաթիվ զոհերի պատճառը տարրական վարքականոնների չիմացությունն է։ Առհասարակ, ի՞նչը կարող է վնասել գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունությանը եւ ի՞նչ կարեւոր կանոններ կան, որոնք պետք է պահպանվեն շինարարության ժամանակ։
Յուրաքանչյուր շենք կառուցելիս, գնահատվում է դրա դիմացկունությունը, այսինքն, թե քանի տարի կարող է տվյալ շենքը ծառայել։ Պարզ է, որ երկար շահագործման ընթացքում շինանյութերը կարող են կորցնել իրենց հատկությունները։ Պարբերաբար պետք է ստուգել շենքերի տեխնիկական վիճակը եւ անհրաժեշտության դեպքում ամրացման աշխատանքներ իրականացվեն։ Օրինակ՝ խորհրդային միության տարիներին Երեւանում կառուցված բոլոր հին շենքերը նախատեսված են մինչեւ 7 բալ ուժգնության երկրաշարժերի համար։ Մայրաքաղաքի 4-5 հարկանի շենքերը սեյսմիկ անվտանգության առումով ավելի թույլ են, քան բարձրահարկերը. դրանք հեշտությամբ կարող են փլուզվել, քանի որ ժամանակին դրանց մեծ մասը կառուցվել է առանց սեյսմիկ գոտիների։ Երկրաշարժերին դիմակայելու համար մեծ կարեւորություն ունի շենքի կոնստրուկցիան։ Շենքեր կառուցելուց առաջ պետք է պարզել, թե տվյալ այդ տարածքում ի՞նչ ուժգնության երկրաշարժեր կարող են լինել, եւ ըստ այդմ կառուցել այդ մագնիտուդին համապատասխան շենքեր։ Ամենից առաջ պետք է մեծ ուշադրություն դարձնել կառուցվող շենքի հիմքին, որովհետեւ նույն շենքը նույն կոնստրուկցիայով տարբեր հիմքերի վրա կառուցվելու դեպքում սեյսմակայունությունը 1-2 բալով կարող է փոփոխվել։
Երեւանը որքանո՞վ է պատրաստ ուժեղ երկրաշարժերի։
Աստված մի արասցե, եթե Գառնիի կամ Դվինի օջախները նույն մագնիտուդով գործեն, ինչպես պատմությունից է մեզ հայտնի, Երեւանը ծանր վտանգի կենթարկվի։ Եթե մայրաքաղաքում 7-7,5 մագնիտուտով երկրաշարժ գրանցվի, կարելի է ասել, Երեւանից քիչ բան կմնա։ Մարդուց իր հիվանդությունը թաքցնելով, չի նշանակում, որ նրան հեռու ես պահում հիվանդության ծանր հետեւանքներից: Այսինքն եթե մենք շատ դեպքերում չենք խոսում մեր քաղաքաշինության վիճակի մասին, դա դեռ չի նշանակում, որ ծանր հետեւանքների չպետք է սպասենք։ Բնակիչը պետք է իմանա, թե ինքը որտեղ է ապրում եւ ինչ վարքագիծ պետք է դրսեւորի շենքի հետ վարվելիս։ Ցանկացած ձեւափոխություն, որը կարող է թուլացնել շենքի հիմքերը, իրենից մեծ վտանգ է ներկայացնում։ Երեւանում բազմաթիվ են շենքերը, որոնց վրա ապօրինի շինություններ են ավելացված, ինչը մեծ ռիսկ է պարունակում։
Պետական մակարդակով ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն երկրաշարժերի դեպքում հնարավոր վնասները նվազեցնելու համար։
Երկրաշարժերի դեմ պայքարելու միակ միջոցն ամուր, սեյսմակայուն շենքերի կառուցումն է։Խորհրդային տարիներին ակտիվ աշխատանքներ էին կատարվում սեյսմիկ շրջանացման, երկրաշարժերի ուսումնասիրման, բալականության գնահատման նպատակով, սակայն անկախությունից հետո այս ուղղությամբ պետական ֆինանսավորում գրեթե չի տրամադրվում։ Խորհրդային ժամանակներից մնացած մեծ գիտական պոտենցիալն այսօր շարքից դուրս է գալիս, նորկադրերը այդ ուղղությամբ չեն խորանում։ Իսկ այն մեծածավալ աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն նոր խզումներ հայտնաբերելու, դրանց ակտիվությունը գնահատելու, երկրաբանական մեկնաբանությունը տալու համար, չի արվել։ Այսօր Հայաստանում երկրաբանական գիտությունը ցածր մակարդակում է եւ որեւէ հեռանկար չկա այն զարգացնելու համար։
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ