Հովտաշեն գյուղի տներից մեկում թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
Արարատի մարզում, այսօր ՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է, որ տուժածներ լինեն։
Shamshyna,com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։ Իսկ նշված վայրից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։