«Սկզբում իրար չենք սիրել». TikTok-ից հայտնի Օվսիի ու Անդոյի սիրո պատմությունը, վալենտինյան ֆոտոշարքն ու «վեճերը» NEWS.am STYLE-ում (ֆոտո/վիդեո)
Օվսին ու Անդոն TikTok-ի հայ օգտատերերի շրջանում ամենահայտնի զույգն են. նրանցից յուրաքանչյուրը սոցիալական ցանցում ունի հազարավոր հետեւորդներ, որոնք հետաքրքրությամբ հետեւում են զույգի առօրյային ու թեթեւ «վեճերին», որոնց կհանդիպեք նաեւ նրանց հետ մեր վալենտինյան հարցազրույցի տեսագրությունում:
NEWS.am STYLE-ը ոչ միայն ներկայացնում է զույգի սիրո պատմությունը, այլեւ նրանց նոր ֆոտոշարքն ու այն ամենը, ինչը մնացել է բեքսթեյջում:
Օվսին ու Անդրանիկը ծանոթացել են մոտ երեք տարի առաջ. սկզբում գործընկերներ էին, իսկ հետագայում նրանց հարաբերությունները վերաճել են գեղեցիկ սիրո պատմության:
«Մենք նույն վայրում էինք աշխատում, բայց առաջին հանդիպումը եղավ, երբ մի օր գնացինք աշխատակազմով Դիլիջան հանգստանալու…»,-պատմում է Անդոն, իսկ Օվսին շտկում է,-«Բայց չէ~, մենք դրանից առաջ էլ էինք հանդիպել… Ուրեմն` ես մի օր պետք է նկարահանում ունենայի, բայց մեր օպերատորը զբաղված էր ու Անդրանիկին խնդրել էր փոխարինել իրեն, իսկ Անդրանիկն այդ օրը «մրթմրթալով» եկավ, ու այդպես կազմվեց իմ առաջին վատ տպավորությունն իր մասին»:
Անդոն էլ հավելում է,-«Մենք սկզբում իրար չենք սիրել, հետո կամաց-կամաց մտերմացել ենք ու շփվել` որպես ընկերներ, աշխատանքից դուրս գալուց հետո մեր հարաբերությունները նոր փուլ անցան»:
Թեպետ Օվսին պնդում է` ինքը խանդոտ չէ, Անդոն հիշեցնում է այն օրը, երբ առաջին անգամ հենց խանդն է մատնել Օվսիի` իր հանդեպ անտարբեր չլինելը:
«Այդ օրը Օվսն աշխատանքի համար հարցազրույցի պիտի գնար, իսկ ես` մի աղջկա հետ հանդիպման: Էնպես ստացվեց, որ Օվսը շուտ դուրս եկավ հանդիպումից, ես էլ ասացի` հանդիպումս կվերջացնեմ, նոր կտեսնեմ իրեն, բայց հանդիպումից չէի կարողանում շուտ դուրս գալ, իսկ, երբ Օվսին տեսա, նա բարկացած էր, հասկացել էր, որ աղջկա հետ եմ հանդիպել, ու ես այդտեղ խանդ զգացի»,-ժպիտով պատմում է նա, մինչդեռ սիրելին «ըմբոստանում է»` հիշեցնելով` «Դա կապ չունի, չի կարելի աղջկան երկու ժամ սպասեցնել»:
Հարաբերություններում էլ նեղացկոտը Օվսին է, ինչն, իհարկե, Անդրանիկի պնդումն է.
«Ոչ, միշտ ստացվում է այնպես, որ ինքն է ինձ նեղացնում, բայց վերջում ինքն է նեղանում իմ` երկար ժամանակ նեղացած մնալուց»,-իր տեսակետն արտահայտում է Օվսին:
Այս տարի զույգը Վալենտինի տոնն անցկացնելու է աշխատելով, իսկ եթե որեւէ հետաքրքիր բան կատարվի, երկրպագուները գիտեն` այդ ամենը պարտադիր տեղ կգտնի նրանց էջերում:
Օվսիի ու Անդրանիկի` NEWS.am STYLE-ի հետ ամողջական զրույցն ու նկարահանման ամենահետաքրքիր պահերը` տեսանյութում: