Իսպանացի լրագրող. Ոչ ոք Շուշիի պատշաճ պաշտպանությունը չկազմակերպեց. անհավատալի է, թե ինչպես այն կորցրին

0

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը, ով մարտական գործողությունների թեժ պահին աշխատում էր Ստեփանակերտում եւ Ղարաբաղի այլ քաղաքներում, «Լենտա»-յին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ Ղարաբաղում հրետակոծության ժամանակ, ինչպես է նա դուրս բերել վիրավոր ընկերներին եւ ինչ պայմաններ են իշխանությունները դրել նրա առջեւ` մարտական գործողությունների ​​գոտում աշխատելու հնարավորության դիմաց: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

«Ղարաբաղում ես նյութեր էի պատրաստում իսպանական EFE լրատվական գործակալության, բասկյան Gara թերթի,  Voice of America-ի, լեհական մի շարք պարբերականների եւ լատինամերիկյան հեռուստատեսության համար: Սա թեժ կետում աշխատելու իմ առաջին փորձը չէ. ես անցյալում պատերազմ ունեմ Ուկրաինայում, աշխատել եմ ռազմաճակատի երկու կողմերում էլ: Ես երեք շաբաթ անցկացրի Ղարաբաղում, մարտական գործողությունների կետեր գնում էի ինքնուրույն եւ հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հետ միասին:

Տարածաշրջանն ինձ ծանոթ է. ես այնտեղ եղել եմ 2013-ին եւ 2019-ին չճանաչված պետությունների ֆուտբոլի առաջնության ժամանակ: Թե ինչո՞ւ էի լուսաբանում իրադարձությունները հենց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Նախ ես գրեցի հակամարտության երկու կողմերին էլ` պարզելու, թե աշխատանքային ինչ հնարավորություններ են նրանք պատրաստ տրամադրել: Ադրբեջանում խուսափողական պատասխան տվեցին. պարզ դարձավ, որ այցի համաձայնեցման համար շատ երկար ժամանակ կպահանջվի: Իսկ ահա Հայաստանից արձագանքեցին մի քանի ժամվա ընթացքում, խոստացան տրանսպորտ տրամադրել եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնել` ինքնամեկուսացման մեջ չնստելու համար: Ընտրությունն ակնհայտ էր:

Պատերազմի մասին իմացա Վարշավայում գործուղման ժամանակ, եւ անմիջապես որոշում կայացրեցի: Այնպես ստացվեց, որ ես Ղարաբաղ եկա առանց սարքավորումների. զրահաբաճկոնը, սաղավարտ եւ անհրաժեշտ հագուստի հավաքածուն մնացել էին տանը` Իսպանիայում, դրանք վերցնելու ժամանակ չեղավ: Ինձ խոստացան ապահովել զրահաբաճկոնով, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ, այնպես որ մի քանի գնդակոծումների ժամանակ ես ստիպված էի ընդհանրապես առանց պաշտպանության աշխատել, դրանցից մեկի ժամանակ ես հազիվ մահից փրկվեցի:
Ստիպված կամ հաստատեցի Իսպանիայում հայկական սփյուռքի հետ, որպեսզի Արցախի Պաշտպանության նախարարությունն ինձ, այնուամենայնիվ, համազգեստ տա:

Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ ընթերցողները տեղում: Պատերազմի սկզբում կապ չկար, եւ ես տեխնիկապես չգիտեի, թե ինչպես գումար փոխանցել հայկական հեռախոսահամարի վրա: Ավելի ուշ ինձ հաջողվեց օգնության խնդրանքով գրառում կատարել սոցիալական ցանցերում, եւ իմ հայ ծանոթներին անմիջապես լիցքավորեցին իմ հաշիվը: Ես առաջարկեցի փոխհատուցել ծախսերը, քանի որ ճիշտ չէ ֆինանսավորում ստանալ կոնկրետ կողմից, նույնիսկ եթե դա հինգից տաս եվրո է: Բայց նրանք կտրականապես հրաժարվեցին:

Ստեփանակերտն առաջին օրերից գնդակոծվում էր «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգերից եւ կասետային ռումբերից, ընդ որում` ինչպես խորհրդային, այնպես էլ թուրքական արտադրության: Ես մի քանի անգամ կրակի տակ ընկա: Դրանք արգելված զինամթերքներ են, ես դրանց լուսանկարները հրապարակել եմ սոցցանցերում: Ամենաուժեղ տպավորությունը, երեւի, ունեցա Մարտունի քաղաքում: Դա այն օրն էր, երբ վիրավորվեցին Le Monde թերթի ֆրանսիացի լրագրողները: Արկի ընկնելու պահին ես նրանցից 40 մետր հեռավորության վրա էի: Մենք առաջինը նրանց օգնության վազեցինք. երկու տղա Հայաստանից, մոսկվացի լրագրող Եվգենի Բուտմանը, ֆրանսիացին Le Figaro-ից եւ ես վիրավորներին շտապ տեղափոխեցինք ավտոմեքենայի մեջ եւ հասցրինք հիվանդանոց:

Նրանցից մեկը շատ ծանր վիրավորվել էր, նա արյունով էր ներկել ամբողջ ավտոմեքենան, նաեւ նրա ոտքն էր կոտրվել: Մենք վախենում էինք, որ նա հիվանդանոց չի հասնի: Այդ գնդակոծությունն իրականացվում էր «Գրադ»-ից, նրանք 40 հրթիռ արձակեցին քաղաքի կենտրոնի ուղղությամբ, այդ օրերին Մարտունին առաջնագծից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա էր: Այդ ժամանակ սպանվեց տեղի երեք բնակիչ` ոստիկան, քաղաքապետարանի աշխատակից եւ մեկ անհայտ անձ:

Ընդհանրապես, պետք է ասեմ, որ այս պատերազմում իննսունականների համեմատ այդքան էլ մեծ թվով խաղաղ բնակիչներ չեն զոհվել: Մասնավորապես, տարհանումը լավ էր կազմակերպված: Մարտերի մեկնարկից երկու-երեք շաբաթ անց խաղաղ բնակիչների 70 տոկոսը դուրս էր բերվել տարածաշրջանից: Լավ աշխատանք կատարեց նաեւ ԼՂՀ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Մարդիկ գրեթե ամբողջ ժամանակ նստած էին նկուղներում, իսկ քաղաքներում գնդակոծությունների թիրախավորումը նույնը չէր, ինչ, օրինակ, Ուկրաինայում:

Ադրբեջանցիները, այնուամենայնիվ, փորձում էին կոնկրետ թիրախների հարվածել, օրինակ ՝ հակաօդային պաշտպանության համակարգերին: Երբ քաղաքը ռմբակոծվում էր, նրանք կանխամտածված քաղաքացիական օբյեկտներին չէին դիպչում, այդ թվում` հյուրանոցներին եւ մարդկանց մեծ կենտրոնացվածությամբ վայրերին: Նրանք նույնիսկ չեն կրակել նախագահական պալատի ուղղությամբ` չնայած ցանկության դեպքում դա շատ հեշտ էր. շենքը լավ երեւում է:

Այո, ադրբեջանական արկերն ընկել են նաեւ տների վրա, սակայն այդ հարվածների ուժգնությունը համեմատելի չէ նույն Դոնեցկի հետ, որը Ստեփանակերտից շատ ավելի շատ հարվածներ էր ստացել: Դոնեցկի վրա երբեմն կրակում էին` ռազմաճակատում պարտությունների համար վրեժխնդիր լինելու համար: Այստեղ ես չեմ կարող ասել, թե ինչ տեղի ունեցավ: Այո, Մարտակերտում հետեւանքները սարսափելի էին, ռումբերը նետվում էին ադրբեջանական «Սու-25»-երից, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց քաղաքից կրակում էր հայկական հրետանին, եւ դրա համար ադրբեջանցիները կրակում էին այդ ուղղությամբ:

Ես որոշակի հարցեր ունեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատանքի կապակցությամբ: Այն շատ բան չի ապահովել աշխատանքի համար, շատ անգրագետ էր փոխգործակցում լրագրողների հետ:
Եղել են գրաքննության փորձեր` շատ անգրագետ: Հավանաբար, դա արվում էր բարի նպատակներով, բայց այդքան էլ լավ չէր ստացվում… Օրինակ, մեզ արգելված էր հրապարակել կոտրված հայկական տեխնիկան առաջնագծի մոտակայքում: Թե ինչու չպետք է կադրերը հրապարակվեն, հատկապես եթե գնդակոծման տարածքը դրանցում պարզ չի երեւում, անհասկանալի է մնում: Մի անգամ տարան օդանավակայան` ինչ-որ դրոնի մնացորդները լուսանկարելու համար, իսկ տեղում սկսեցին բղավել, որ այստեղ ոչինչ չի կարելի նկարահանել: Ես այդ ժամանակ դիմեցի ղեկավարությանը` ասելով, որ դուք իսկապե՞ս կարծում եք, որ ադրբեջանցիները չեն կարողանա արբանյակային լուսանկարներ գնել իրական ժամանակում:

Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ սահմանափակումներն անհրաժեշտություն են: Օրինակ` քաղաքը գնդակոծվում է, եւ ցանցում տեղադրված կադրերը կարող են մյուս կողմին ցույց տալ ռմբակոծության արդյունքները: Զուտ տեսականորեն կարելի է հասկանալ, որ եթե լուսանկարում ծուխը մի փոքր ավելի աջ է գնում, քան ցանկացել են  հարվածել, ապա նրանք կարող են կրկնել կրակը, իսկ դու ակամայից ճշտորդ ես դառնում: Ուստի ես շատ ավելի ուշ էի հրապարակում այդպիսի կադրերը կամ այնպես էի նկարահանում այդ ծուխը, որպեսզի գետինը չերեւա: Բայց կային լրագրողներ, ովքեր թքած ունեին. նրանք ռեպորտաժ էին պատրաստում եւ արագ հեռանում: Դրա պատճառով լուրջ կոնֆլիկտներ էին առաջանում:

Բացի այդ, գրաքննություն կա նաեւ արյան եւ մահացած զինվորների կադրերի կապակցությամբ, բայց դա ես եւս կարող եմ հասկանալ: Ես ինքս մահացածների լուսանկարներ չեմ հրապարակում, եթե դրանում տեղեկատվական անհրաժեշտությունը չկա, ատելություն չեմ տարածում էթնիկական հողի վրա: Չնայած նույնիսկ նման արգելքները, ի վերջո, հայկական կողմի շահերից չէին բխում:

Եթե ​​հասարակությունը գիտակցեր իրական հանգամանքները ռազմաճակատում, եթե նրանք իմանային, թե իրականում ինչ է տեղի ունենում պատերազմում, միգուցե հայերը ստիպեին իրենց ղեկավարներին այլ կերպ վարվել: Հենց դրանում է լրագրության ուժը, բայց քանի որ գրաքննություն կար, ոչ մի այդպիսի բան տեղի չունեցավ: Դա տեղի ունեցողին հավատալու ցանկության բացակայություն է` իր ամենամաքուր տեսքով:

«Ամբողջ խառնաշփոթը եկել է վերեւից»

Որքանով կարող եմ դատել, հայտարարված մոբիլիզացիան ինչպես հարկն է չիրականացվեց: Շատ բան արվում էր բախտի բերմամբ: Չգիտես ինչու, մարդիկ սպասում էին, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես 2020 թվականի ամռանը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աննշան բախումներ եղան: Չնայած ակնհայտ էր, որ անգամ առանց թուրքական գործոնը հաշվի առնելու, Հայաստանը դեռ այն ժամանակ պետք է բոլոր ուժերն ու հնարավորությունները կենտրոնացներ պատերազմի համար:

Իմ կարծիքով՝ դա չի իրականացվել: 2019 թվականին ես այցելել եմ Արցախի եւ Ադրբեջանի սահմանին ամրաշինական գծեր: Շատ բան էր արվել, կառուցվել էին նոր ամրություններ: Ցանկության դեպքում դրանք ոչ մի դրոն չէր կարողանա ոչնչացնել, թերեւս միայն ծանր հրետանին: Առաջին օրերին այդ գիծը դիմադրել է, եւ թվում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց հետո սկսեցին չբավականացնել մարդիկ…

Տարածաշրջան հաճախ էին «հյուրեր» գալիս Հայաստանից, նրանց կարելի էր տեսնել Ստեփանակերտում: Նրանք յուրատեսակ գաստրոլյորներ էին. բոլորը թանկարժեք մեքենաներով (երբեմն նույնիսկ ռուսական համարներով), մեկն անգամ շատ ոճային կամուֆլյաժով էր: Եկան, զբոսնեցին եւ հետ գնացին Հայաստան:

Նրանք մարդիկ էին, որ ցանկանում էին ցույց տալ իրենց քաղաքացիական դիրքորոշումը, բայց մարտնչելու ցանկություն չունեին: Հայկական կողմի մարտական որակները դրանից, մեղմ ասած, չբարելավվեցին: Ես ոչ մեկին չեմ դատապարտելու. մեկը հումանիտար օգնություն էր բերում, բայց մինչեւ ճակատի գիծ, մինչեւ խրամատներ եւ ամրություններ նրանք չէին գնում:

Պարտությունն, իհարկե, գործոնների հանրագումար է: Կազմակերպական հարցերը վատ էին լուծվել: Տպավորություն էր ստեղծվել, որ ամբողջ խառնաշփոթը գալիս է վերեւից: Ինչպես ինձ էր թվում, որոշումներ ընդունելու կամք չկար: Հակամարտության ամենասկզբից հայ հանրության տեսանելի դեմքերը, որոնց կարելի է վերաբերվել ցանկացած կերպ, մի շարք կետերի վերաբերյալ քննադատաբար են արտահայտվել՝ մոբիլիզացիայի, լոգիստիկայի ձախողում, շատերին էլ ընդհանրապես ճակատ մեկնելու հնարավորություն չեն տվել:

Ես նկատել եմ, որ դրա պատճառով որոշ տղամարդիկ ինքնուրույն են գնացել զորամասեր, որտեղ նախկինում ծառայել են: Նրանք ոչ մեկին չեն հարցրել, տեղ են հասել ու մարտնչելու թույլտվություն խնդրել: Բայց ակնհայտորեն դա կարողացել են անել ոչ բոլորը: Բանը հասել էր այնտեղ, որ հրամանատարությունը ճակատի կայուն հատվածներից մարտունակ զորամասերին չէր հանում, դրանք այնտեղ ուղղակի կանգնած էին, մինչդեռ հարավային ուղղությամբ ընթանում էր ադրբեջանական հարձակումը: Ոչ մեկը չի կազմակերպել Շուշիի պատշաճ պաշտպանությունը: Թե ինչպես են այն կորցրել՝ ուղղակի աներեւակայելի է: Ես չեմ կարողանում դա հասկանալ:

Ես Ղարաբաղից հեռացել եմ պատերազմի կեսին անձնական պատճառներով: Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց անցկացի եւ մեկնեցի: Հիմա նորից եմ այնտեղ ուղեւորվում: Քաղաքական իրավիճակի վերաբերյալ ակնարկ եմ պատրաստելու, իմանալու, թե գործերն ինչպես են փախաստականների վերադարձի եւ ճակատի գծի հետ կապված: Ասում են խաղաղապահները կազմակերպում են իրենց մամուլի տուրերը, բայց այնտեղ կարծես թե չեն տանում օտարերկրյա լրագրողներին: Սարսափելի ոչինչ չկա, կարծում եմ՝ կկարողանամ աշխատել նաեւ առանց դրա:

Ես նորմալ հարաբերություններ ունեմ երկու կողմերի ծանոթներիս հետ: Պատերազմի ժամանակ հակամարտության գոտուց ուղիղ միացումներ եւ առցանց կոնֆերանսներ էի անցկացնում, այդ թվում՝ Ադրբեջանից փորձագետների հետ, այնպես որ՝ այս հակամարտությունում ես չեմ պաշտպանել որեւէ մի կողմին: Նաեւ ի՞նչ պահանջներ կարող են լինել լրագրողներին, երբ անգամ Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է որպես այլ երկրի տարածք»:

Leave A Reply

Your email address will not be published.