«Բարսելոնան» պատրաստ է առանց խաղային պրակտիկայի թողնել Սուարեսին
Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է առանց խաղային պրակտիկայի մնալ նոր մրցաշրջանում, եթե չկարողանա ընդհանուր հայտարարի գալ ակումբի ղեկավարության հետ, հայտնում է ESPN-ը:
Եթե կողմերը չկարողանան փոխհամաձայնության գալ, ապա ակումբը պատրաստ է 33-ամյա ֆուտբոլիստին խաղաժամանակ չտրամադրել մինչև գործող պայմանագրի ավարտը, թեև այդ հարցով վերջնական որոշում կկայացնի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
«Բարսելոնան» այս օրերին փորձում է իրականացնել ֆրանսիական «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերը:
Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», սակայն հարձակվողը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ:
Լուիս Սուարեսը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 21 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: