«Եղել է շրջան, երբ ունեցել եմ այն, ինչի մասին անգամ երազել չէի կարող, բայց ինձ երջանիկ չեմ համարել». Անելյա Գուբրյանը՝ 20-ամյակի ու շուտ հասունանալու մասին

0

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը երեկ՝ սեպտեմբերի 2-ին, նշել է ծննդյան 20-ամյակը: Ինչպես ինքը՝ մոդելն է նշում՝ ծննդյան օրը մեծ շուքով տոնել չի սիրում՝ նախընտրելով լինել ավելի հանգիստ հոգեվիճակում:  NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անելյան պատմել է՝ ինչպես է անցկացրել իր օրն ու ինչ նոր ապրումներ է իրեն բերել «20» թիվը:

«Տարիներ առաջ շատ լուրջ էի վերաբերվում 20 թվին, ինձ համար 20 տարեկան աղջիկն արդեն մեծ էր նշանակում, իսկ հիմա, մտածում եմ` արդե՞ն 21, թե՞ դեռ 21: Ինչ-որ չափ արդեն մեծ եմ ու պատասխանատվություն եմ զգում, բայց նաեւ այնքան բան կա առջեւում… Ինձ համար այս թիվը դեռ անսովոր է»,-խոստովանում է մոդելը:

«Իրականում չեմ սիրում նշել ծննդյանս օրը, որովհետեւ ես շատ լուրջ եմ վերաբերվում կազմակերպչական հարցերին, ու եթե ինչ-որ բան եմ անում, դա պետք է իդեալական լինի, իսկ ծննդյանս օրն ուզում եմ հանգստանալ, վայելել, ոչ թե մտածել` հյուրերից ով երբ եկավ, երբ գնաց, կերավ-չկերավ, հավանեց, թե ոչ… Դրա համար չեմ սիրում նշել, բայց, միանշանակ, սպասում եմ այդ օրվան, որովհետեւ ես տարին ոչ թե հունվարի 1-ին եմ ամփոփում, այլ ծննդյանս օրը»,-հավելում է նա ու ավելացնում, «Առաջինը ծնունդս շնորհավորել է ինձ շատ հարազատ ու մտերիմ մի մարդ, սեպտեմբերի 1-ի գիշերն է դա արել, որ առաջինը հասցնի (ծիծաղում է): Հետո արդեն շնորհավորել են ծնողներս, ընկերներս ու հարազատներս»:

Անելյան նշում է, որ նախկինում այլ պատկերացում է ունեցել, թե ինչպես պետք է նշի 20-ամյակը, բայց տարիների ընթացքում մտածելակերպը փոխվել է.

«Թեեւ ինչպես նշեցի, չեմ սիրում ճոխ տոնել ծննդյանս օրերը, միշտ պատկերացրել եմ, որ 20-ամյակս պետք է շատ մարդկանց հետ նշեմ, սակայն տարիների հետ շրջապատն ու մարդիկ քչանում են ու մնում են ամենահարազատներն ու մտերիմները: Այս տարի նշել եմ մի քանի ամենամտերիմ մարդկանց հետ, որեւէ առանձնահատուկ բան չեմ արել»,-ասում է նա:

Անելյայի գործունեությանը հետեւողները գիտեն, որ նա վաղուց է իրեն փորձում տարբեր աշխատանքների մեջ, եւ արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս՝ որպես մոդել, մինչդեռ շատերը 20 տարեկանում նոր անում եմ առաջին քայլերը: Հարցին՝ արդյոք երբեւէ չի՞ ափսոսել վաղ տարիքում հասուն կյանք մտնելու համար՝ մոդելը պատասխանեց.

«Չեմ ափսոսել, որովհետեւ իմ կյանքում չի եղել մի շրջան, որը բաց եմ թողել, ես, պարզապես, շուտ եմ անցել այդ փուլերը: Օրինակ` ինչ-որ մեկը, եթե դա պետք է աներ մեկ տարում, ինձ մոտ դա եղել է 3-4 ամսում, բայց որեւէ բացթողում չեմ ունեցել… Դա ինձ միայն օգնել է ավելի շուտ ընտելանալ կյանքին ու ավելի հասուն վերաբերվել դրան: Այդպես էլ շարունակում եմ ապրել ու շատ գոհ եմ դրանից»:

Ինչ վերաբերում է լիարժեք երջանկությանը՝ Անելյան նշում է.

«Երբեք չեմ համարել, որ մարդուն որեւէ բան է պետք լիարժեք երջանիկ լինելու համար: Իմ կյանքում եղել են դեպքեր, որ շատ բաներ չունենալով ես ինձ աշխարհի ամենաերջանիկն եմ զգացել, եւ եղել է նաեւ շրջան, երբ ունեցել եմ այն, ինչի մասին անգամ երազել չէի կարող, բայց ես ինձ երջանիկ չեմ համարել: Հիմա ես շատ երջանիկ եմ, չգիտեմ` որքանով ավելի երջանիկ կարող եմ լինել, բայց շատ գոհ ու շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ ու ինչպիսին, որ կամ»:

Leave A Reply

Your email address will not be published.