«Ֆրեսկո»-ի շրջանակում կկայանան Ռուբեն Հախվերդյանի, Ջիվան Գասպարյան կրտսերի եւ Պարի պետական թատրոնի համերգները

0

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում վաղվանից կմերկնարկի համերգային ծրագրերի շարքը: Օգոստոսի 28-ին տեղի կունենա Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյակին նվիրված հոբելյանական համերգը, իսկ օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյանի եւ ընկերների մասնակցությամբ ծրագիրը: Համերգային երեկոները տեղի կունենան Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարեւորում է «Ֆրեսկո»-ի՝ հոգեւոր եւ մշակութային կյանքը միավորելու առաքելությունը.

««Ֆրեսկո»-ն ապացուցեց, որ կրոնական հաստատության, կրոնական աշխարհընկալման եւ աշխարիկ աշխարհընկալման միջեւ չկա հակասություն, որովհետեւ երկու ընկալումների հիմքում էլ ընկած է մարդասիրությունը, հարգանքը՝ մարդու եւ պատմության հանդեպ եւ պատասխանատվությունը: Այս իմաստով փառատոնն, իսկապես, բացառիկ ձեւաչափ է: Ես շատ ուրախ եմ, որ «Ֆրեսկոն» եղավ այն կարեւոր իրադարձություններից մեկը, որով մենք կրոնական, պատմամշակութային միջավայրերը լցրինք  նաեւ մշակութային ու աշխարիկ բովանդակությամբ»,-այսօր՝ օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց նա:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն էլ ուրախությամբ հավելեց, որ «Ֆրեսկո»-ն տարեց տարի ընդլայնում է իր շրջանակը.

«Վաղը կմեկնարկի համերգային ծրագիրը, որից հետո կրկին կլինեն ֆիլմերի քննարկուներ: Այս տարի փառատոնին ներկայացված է 3000 ֆիլմ, ընդգրկվել է 23 ֆիլմ՝ 63 երկրից: Ասեմ, որ ներկայացված ֆիլմերի թիվը կրկնապատկվել է, ինչը նախորդ տարիների աշխատանքի արդյունքն է: Փառատոնը գնալով մեծանում է՝ դառնալով ժողովրդական տոն»,-ընդգծեց նա:

«Ֆրեսկո»-ի մրցութային ծրագրում այս տարի ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը եւ այլ համամարդկային արժեքներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ եւ Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:



Leave A Reply

Your email address will not be published.