Rolls-Royce-ը շարունակում է հետաքրքրություն առաջացնել երկրորդ սերնդի Ghost-ի նկատմամբ

0

Rolls-Royce-ը շարունակում է հետաքրքրություն առաջացնել երկրորդ սերնդի Ghost-ի նկատմամբ: Բրիտանացիները թողարկել են մեկ այլ անիմացիոն տեսանյութ, որում պատմել են սեդանի ձայնամեկուսացման մասին: Ինժեներները փորձել են մեկուսացնել արտաքին աղմուկները, բայց ամբողջական լռությունից խուսափելու համար նրանք սովորեցրել են մեքենային սեփական ձայները հանել, հայտնում է Motor-ը:

Աղմուկի մեկուսացումը հաջողվել է բարելավել, այդ թվում շնորհիվ Architecture of Luxury հարթակի, որն ընկած է նաեւ «ութերորդ» Phantom-ի եւ Cullinan-ի հիմքում: Ալյումինը, որից պատրաստված է հարթակը, ինքնին ավելի լավ է կլանում ձայնային տատանումները, քան պողպատը: Քանի որ հարթ մասերը ավելի լավ են ռեզոնանսվում, որոշել են հարթակի բաղադրիչներին բարդ ձեւ տալ, ինչը մարում է ձայնը:

6.75 լիտրանոց V12 շարժիչի եւ սրահի միջեւ ընկած հատվածը երկշերտ են արել: Հատակին, դռներին, տանիքին եւ բեռնախցիկում ձայնը կլանող նյութից վահանակներ են օգտագործել: Լրացուցիչ մեկուսացումը ապահովել են անվադողերում փրփուրի չորս դյույմ շերտը եւ երկակի ապակեպատման մեջ թափանցիկ կոմպոզիտային շերտը:

Ինժեներները սրանով չեն բավարարվել՝ սեդանի յուրաքանչյուր մասում ստուգել են ձայնային առանձնահատկությունները: Պարզվել է, որ շատ անսպասելի մասեր կարող են սրահում աղմուկ առաջացնել, օրինակ՝ օդորակման համակարգի ներսում տեղադրված մասերը: Դրանք օդը քաշելիս բարձր աղմուկ էին առաջացնում, ուստի փոխարինվել են բոլորովին հարթերով:

Արդյունքում Ghost-ի սրահում ստացված լռությունը կարող էր ապակողմնորոշել ինչպես ուղեւորներին, այնպես էլ վարորդին: Հետեւաբար, վերջնական շտրիխը մի համակարգ է, որը հազիվ տարբերակվող նուրբ ձայն է հանում, այսպես կոչված՝ «շշուկ»: 500 լիտրանոց բեռնախցիկի հատակին տեղադրել են հատուկ մասեր, որոնց օգնությամբ ցածր հաճախականությամբ ձայնային ալիքները կարող են դուրս գալ մեքենայից: Rolls-Royce-ի ձայնամեկուսացման նոր տեխնոլոգիաներն «Անվրդովության բանաձեւ» (The Formula For Serenity) են անվանել։

Leave A Reply

Your email address will not be published.