Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր
Իրանահայ կոմպոզիտոր 82-ամյա Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր։
Նա առաջին անգամ այս անվանակարգը ստացել է մայիսին իրանական «Արվեստ հանուն խաղաղության» փառատոնում, որում 2019 թվականի մրցանակին էր հավակնում, փոխանցում է ԻՌՆԱ-ն։
«Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին Իտալիայի մայրաքաղաքում։
Մրցանակը շնորհվում է ի պատիվ մեքսիկացի լրագրող Խավյեր Վալդեսի, որը «Ríodoce» պարբերականի հիմնադիրն էր եւ մի շարք լրագրողական մրցանակների դափնեկիրը կազմակերպված հանցավորության ու թմրանյութերի վաճառքի մասին աշխատանքների համար։ Նա զոհվել է Մեքսիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Այս պարգեւն ամեն տարի շնորհվում է առանձին անձանց եւ խմբերի, որոնք զբաղվում են խաղաղության հարցերով, մարդասիրական եւ բարեգործական նպատակներով։
Լորիս Ճգնավորյանը դասական երաժշտության ավելի քան 70 ստեղծագործության, 4 օպերայի եւ 6 սիմֆոնիայի հեղինակ է։
Կոմպոզիտոր, դիրիժոր եւ երաժշտության տեսության դասախոս Լորիս Ճգնավորյանը ծնվել է 1937 թվականին Իրանի Բորուջերդ քաղաքում։ Ղեկավարել է Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբը, եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը (1990–2000)։ Հիմա բնակվում է Իրանում։