Վրաստանը հուլիսի 1-ից հետո կպահպանի մի շարք երկրներից զբոսաշրջրիկների մուտքի արգելքը. այն կպահպանվի նաեւ ՀՀ-ի համար

0

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ սահմանների բացմամբ երկրում համաճարակային իրավիճակը վատթարանա, ուստի առաջիկայում նախատեսվում է զբոսաշրջիկներ ընդունել միայն կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակով երկրներից: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրուցում ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: 

Հուլիսի 1-ից Վրաստանը սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Առաջիկա օրերին իշխանությունները պետք է ներկայացնեն «կանաչ երկրների» ցուցակը, այսինքն՝ համաճարակաբանական տեսակետից անվտանգ երկրների: Սպասվում է, որ Վրաստան մուտքը կթույլատրեն Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Բալթյան եւ մի շարք այլ երկրներից ճանապարհորդների համար: Ամենայն հավանականությամբ, այս ցուցակի մեջ չեն հայտնվի Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ եւս մի քանի երկրներ, որտեղից Վրաստանը ամենամեծ թվով զբոսաշրջիկների էր ընդունում:

«Շատ երկրներ, որոնք մեզ համար զբոսաշրջիկների որոշակի աղբյուր էին, բավականին բարդ համաճարակային իրավիճակում են: Այնտեղից ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ռիսկ կա, եւ մենք այդ ռիսկերը թույլ չենք տա»,- հայտարարել է Գաբունիան:

Վրաստանի առողջապահության փոխնախարարը նշել է, որ դեռեւս վերջերս Վրաստանը բանակցություններ էր վարում Իսրայել զբոսաշրջային ուղեւորություների վերսկսման շուրջ, սակայն այնտեղ համաճարակային վիճակը վատթարացել է, եւ «նրանք իրենք որոշ չափով վերանայեցին այդ որոշումը:

Գաբունիան հավելել է, որ ԵՄ իշխանությունները նմանատիպ ռազմավարություն են ընտրել: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն քննարկում է մի քանի երկրների քաղաքացիների համար իր տարածք մուտքի ժամանակավոր արգելման հնարավորությունը՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված շարունակվող անբարենպաստ իրավիճակի հետ:

«Մենք թույլ չենք տա վիրուսին երկիր մուտք գործել: Եթե մենք բացում ենք դռները բարձր ռիսկայնությամբ երկրների համար, ապա, իհարկե, լրացուցիչ քննարկման եւ վերլուծության կարիք չկա, այդ ռիսկը երկրում կհայտնվի: Այսպիսով, առաջին չափանիշը, որը բոլոր երկրները քննարկում եւ դիտարկում են, սահմանների բացումն է, այսպես կոչված, կանաչ երկրների համար, որտեղ համաճարակը լավ վերահսկվում է»,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարարը:

Նա հավելել է, որ երկրի մուտք գործելիս պաշտպանության որոշակի մեխանիզմ կարող են համարվել «հուսալի լաբորատորիայում» ուղեւորությունից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ արված կորոնիվիրուսի ախտորոշման՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով անցկացված թեստերի բացասական արդյունքները: Այնուամենայնիվ, վրացական իշխանությունները չեն պատրաստվում ապավինել միայն նման վկայագրերին:

«Ամենայն հավանականությամբ, այդ մեխանիզմը կօգտագործվի համապատասխան խմբերում: Սակայն այն չի կարող զանգվածային լինել, եթե պատկերացնենք, որ ակտիվ ներհոսք կսկսվի բարձր ռիսկային երկրներից: Ուստի մենք շատ զգույշ ենք վերաբերվում այս հարցին: Տեսնենք, թե ինչպես կզարգանա համաճարակաբանական իրավիճակը»,- հայտարարել է Գաբունիան:

Վրաստանը, որտեղ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին, առաջին երկրներից էր, որը խիստ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեց COVID-19-ի դեմ: Կորոնավիրուսով հիվանդների կառավարման հաջողված ռազմավարության հետ միասին դա թույլ տվեց Վրաստանին արագորեն հաղթահարել համաճարակի առաջին ալիքը:


Leave A Reply

Your email address will not be published.