«Մինչեւ 15 տարեկան շատ ծանր էի տանում հասակիս վերաբերյալ դասարանցիներիս վատ վերաբերմունքը». Անելյա Գուբրյանի հմայքի ու ինքնավստահության գաղտնիքները
Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այսօր հասել է այն կետին, երբ կարող է բարձրաձայնել, որ ինքնավստահ է: Անելյան այն հայտնիներից է, որը չի խուսափում փողոցում քայլել առանց դիմահարդարման, առանց թրենդային սանրվածքների կամ աստղային գլամուրի: Իսկ պատճառը մեկն է՝ մոդելն ընդունում է իրեն այնպիսին, ինչպիսին կա, սիրում է արտաքինն ու գնահատում դրա ամեն մի գիծը, չնայած նրա կյանքում էլ են եղել պահեր, երբ բարդույթավորվել է ու անհաշտ եղել այս կամ այն հատկանիշի հետ:
Հայտնիների հմայքի ու ինքնավստահության գաղտնիքները բացահայտելու նպատակով NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է Անելյա Գուբրյանի հետ:
Մոդելը նշում է՝ փոքր տարիքում չէր կենտրոնանում գեղեցիկ լինել-չլինելու վրա, կարծում է՝ ավելի շատ քաղցրարյուն երեխա է եղել, քան գեղեցիկ: Ամենից շատ տպավորվել են կլորիկ այտերն ու գանգուր վարսերը:
«Գեղեցիկ ինձ սկսեցի համարել 15-16 տարեկանում, երբ հաճախեցի մոդելինգի դասընթացների: Այդ ժամանակ էլ կատարեցի իմ կյանքի առաջին կերպարանափոխությունը՝ կտրեցի երկար մազերս ու հրաժարվեցի խուճուճներիցս (hիմա դրա համար մի փոքր ափսոսում եմ), ու դարձա ավելի ինքնավստահ: Այդ տարիքից սկսած ավելի շատ էի ուշադրություն դարձնում հաճոյախոսություններին: Նոր փուլ էր կյանքումս, ու ինձ համար դրանք կարեւոր էին»:
Անելյան խոստովանում է՝ ինչպես շատերի կյանքում, իր շրջապատում էլ են եղել մարդիկ, որոնք ստիպել են իրեն բարդույթավորվել, բայց կարողացել է հաղթահարել ցանկացած փուլ՝ մայրիկի շնորհիվ.
«Մայրս միշտ ինձ օգնել է այդ հարցում, թույլ չի տվել սրտիս մոտ ընդունել նման բաները: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, որոշումը քոնն է՝ ընդունել, թե ոչ: Միշտ եղել եմ բարձրահասակ: Չեմ թաքցնի՝ մինչեւ 15 տարեկան շատ-շատ ծանր էի տանում հասակիս վերաբերյալ դասարանցիներիս ու այլ հասակակիցներիս վատ վերաբերմունքը: Նեղվում էի, կարծում էի՝ դա իմ մինուսն է, հետո միայն հասկացա, որ հասակս իմ գեղեցկության ամենամեծ առավելություններից է, ինչի համար շնորհակալ եմ գեներիս: Սկսեցի գնահատել հասակս, ու իմ ինքնավստահությունը ստիպեց ինձ շրջապատող մարդկանց էլ սիրել այն»:
Ի տարբերություն շատ դեռահասների՝ Անելյան այդ տարիքում չի ունեցել ինչ-որ հայտնի մեկին նմանվելու ցանկություն.
«Հնարավոր է՝ տարօրինակ հնչի, բայց երբեք չեմ ունեցել իդեալ, չեմ ցանկացել նմանվել որեւիցե մեկին: Ինձ համար ամենալավ օրինակը միշտ մայրս է եղել ու մինչ օրս էլ այդպես է: Բայց փորձում եմ ինքս ձեւավորել իմ տեսակը»,-ասում է նա՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում է կարողացել հասնել այն ինքնավստահությանը, որն այսօր ունի.
«Եթե անկեղծ՝ երկար եմ եկել սրան, բայց հիմա ինձ ինքնավստահ եմ համարում: Իմ կարծիքով՝ դա ներքին գիծ է: Եթե ես ինձ գեղեցիկ եմ զգում, կապ չունի, թե ինչ կա հագիս, ինչ տեսք ունեն մազերս, եթե ներաշխարհս կայուն վիճակում է, ես գեղեցիկ եմ բոլորի աչքին, որովհետեւ ինքս եմ ինձ այդպիսին ցույց տալիս ու այդպես զգում»:
Առօրյայում, գրեթե, չշպարվող մոդելը նշում է. «Ես ինձ դիմահարդարված, կարելի է ասել, ընդհանրապես չեմ սիրում: Միանշանակ, սիրում եմ գեղեցիկ դիմահարդարում, բայց դա ինձ նեղություն է պատճառում: Մաշկս խնդրահարույց չէ, եւ շպարով որեւէ խնդիր ծածկելու կարիք չունեմ, դրա համար էլ առօրյայում եւ, առհասարակ, աշխատում եմ շատ քիչ շպարվել»:
Իր արտաքին ամենամեծ առավելությունն Անելյան համարում է երկար ոտքերը: Մոդելն ասում է՝ հաշտ է արտաքինի հետ, չի դիմել պլաստիկ որեւէ միջամտության, բայցեւ չի քննադատում նրանց, ովքեր ցանկանում են շտկել արտաքին որեւիցե գիծ նման միջոցով.
«Եթե մարդն իրեն ավելի լավ է զգում ինչ-որ միջամտություն կատարելուց հետո, դա իր գործն է: Բոլորն իրրավունք ունեն իրենց ավելի գեղեցիկ զգալու, ինձ միայն դուր չի գալիս, երբ չափն անցնում են ու դառնում արհեստական՝ կորցնելով իրենց անհատականությունը: Ինձ ամեն ինչ դուր է գալիս իմ արտաքինում, բայց եթե կարիք լինի, հնարավոր է՝ ես էլ կատարեմ որեւէ միջամտություն: Հաստատ ասել չեմ կարող»:
Ինչ վերաբերում է ոճափոխություններին՝ Անելյան դրանք ինքնաարտահայտվելու հետաքրքիր միջոց է համարում, բայց հաճախ մասնագիտության բերումով չի հաջողվում դիմել փոփոխությունների.
«Սիրում եմ ոճափոխություններ ու, գրեթե, միշտ կողմ եմ լինում մյուների ոճափոխություններին: Դրանց շնորհիվ քո անհատականության նոր ձեւավորումներ են ի հայտ գալիս: Մտքիս մի քանի բան կա, սակայն նկարահանումների պատճառով միշտ չէ, որ կարող եմ իմ ուզած պահին ինչ-որ բան իրագործել, պետք է հաշվի առնեմ գործունեությունս»,-ասում է նա: