Բելգիական «Գենտի» հայ մարզիչը. Հարցազրույց
NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում աշխատող հայ մարզիչների:
26-ամյա մարզիչ Հայկ Մելքոնյանը վերջերս գլխավորել է բելգիական «Գենտի» պատանեկան՝ Մ-15 տարեկանների թիմը:
«Ծնվել եմ 1993 թվականի օգոստոսի 24-ին Բեյրութում: 3 տարեկան էի, երբ իմ ընտանիքը տեղափոխվեց բելգիական Անտվերպեն, որտեղ ես ապրում եմ մինչ օրս:
Ես ֆուտբոլ խաղացել եմ մինչև 17 տարեկանը, սակայն ծանր վնասվածքներն ու բելգիական ակումբների ակադեմիաներում մարզչական կարիերա սկսելու հնարավորությունն ինձ ստիպեցին «խաղակոշիկները կախել մեխից»:
2011 թվականին ընդունվել եմ Լյովենի սպորտային գիտության համալսարան, 2011-2012 թվականներին մարզել եմ OH Leuven-ի Մ-7 տարեկանների թիմը, այնուհետև աշխատել եմ ռեգիոնալ լիգայի VK Linden ակումբի երիտասարդական թիմի հետ:
2013-2015 թվականներին գլխավորել եմ Royal Antwerp FC-ի Մ-7, այնուհետև Մ-9-ից մինչև Մ-11 տարեկանների թիմերը, օգնել եմ երկրորդ թիմի գլխավոր մարզիչին, 2015-2017 թվականներին գլխավորել եմ YR KV Mechelen-ի պատանեկան՝ Մ-10, Մ-12, Մ-13 և Մ-16 տարեկանների թիմերը:
2016 թվականին մարզչական A կարգի արտոնագիր և Elite Youth License եմ ստացել ՈւԵՖԱ-ի կողմից:
2017 թվականից աշխատում եմ սկաուտ և որոնում եմ տաղանդների՝ համագործակցելով Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
23 տարեկանում, աշխատելով KVW Zaventem-ում, ճանաչվել եմ Բելգիայի National լիգայի (չորրորդ դիվիզիոն) ամենաերիտասարդ մարզիչ, իսկ արդեն 1 տարի անց գլխավորել եմ KFC Turnhout-ը, որն իմ գլխավորությամբ կարողացավ պահպանել տեղը երրորդ դիվիզիոնում:
2020/2021 մրցաշրջանի համար ես պայմանագիր եմ կնքել Բելգիայի լավագույն ակումբներից մեկի՝ KAA Gent-ի հետ: Գլխավորել եմ Մ-15 տարեկանների թիմը, զուգահեռաբար կկատարեմ նաև Մ-8-ից Մ-12 տարեկանների թիմերի մարզական տնօրենի պարտականությունները:
Շարունակում եմ լեզուներ սովորել: Արդեն տիրապետում եմ 9 լեզվի, որից մի քանիսին՝ կատարյալ: Եթե հայերենը չհաշվենք, ապա դրանք են անգլերենը, հոլանդերենը, գերմաներենը,
իսպաներենը, ֆրանսերենը, իտալերենը, ռուսերենը և արաբերենը:
Իմ մտքերն ու սիրտը կապված են Հայաստանի հետ: Նախորդ տարվա դեկտեմբերին ես այցելել եմ հայրենիք, ծանոթացել եմ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ, ծանոթացել եմ նաև Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրին: Շատ ուրախ եմ, որ
Հայաստանում ֆուտբոլը զարգանում է: Հուսով եմ, որ մոտ ապագայում կկարողանամ օգտակար լինել հայկական ֆուտբոլին իմ մարզչական փորձով»,- նշել է Հայկ Մելքոնյանը:
Սամվել Սուքիասյան