Լենս Արմստրոնգը խոստովանել է, որ դոպինգ է օգտագործել պրոֆեսիոնալ կարիերայի առաջին մրցաշրջանից
Նախկին հեծանվորդ, ամերիկացի Լենս Արմստրոնգը խոստովանել է, որ սկսել է դոպինգ օգտագործել 21 տարեկանից, հաղորդում է ESPN-ը։
«Ես սկսեցի կորտիզոն օգտագործել 1992 թվականին՝ պրոֆեսիոնալ կարիերայիս հենց առաջին մրցաշրջանում։ Դրանից մեկ տարի անց հաղթեցի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հետո էրիտրոպոետինը մեզ դուրս բերեց բացարձակ այլ մակարդակի։ Հրթիռային վառելիքի արդյունք էր տալիս։ Այդ ամենից հրաժարվելու կամք չկար»,- ասել է 48-ամյա Արմստրոնգը։
1998-2005 թվականների համաշխարհային հեծանվասպորտի բոլոր հեղինակավոր տիտղոսները նվաճած Արմստրոնգը հետագայում խոստովանեց, որ դոպինգի օգնությամբ է հասել արդյունքներին եւ զրկվեց 1998 թվականից հետո նվաճած տիտղոսներից։ Նա միակն էր, ում հաջողվել էր 7 անգամ նվաճել «Տուր դը Ֆրանս» խճուղային հեծանվաարշավի հաղթողի կոչումը, սակայն զրկվեց բոլոր տիտոսներից։
1996 թվականին Արմստրոնգի մոտ ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ, որովայնի, թոքերի եւ գլխուղեղի մետաստազներով։ Վիրահատությունների եւ ագրեսիվ քիմիաթերապիայի արդյունքում նա հաղթահարեց հիվանդությունը եւ վերադարձավ մեծ սպորտ։