«Հարսնացուն պետք է տարբերվի հյուրերից եւ հարսանեկան շքեղ տորթից». դիզայներ Գայանե Մարտիրոսյանը՝ հարսանեկան զգեստի թրենդների մասին

0

Երեւի՝ աշխարհում շատ քիչ են այն աղջիկները, որոնք, գոնե, փոքր տարիքում իրենց չեն պատկերացրել հարսանեկան սպիտակ զգեստով՝ շքեղ, գեղեցիկ, փայլուն, հեքիաթային զգեստով… Ժամանակն առաջ է գնում, փոխվում են նաեւ աղջիկների պատկերացումներն ու ճաշակը. դե, օրինակ, փքված եւ մեծ ծավալ ունեցող զգեստներն այսօր հաճախ փոխարինվում են ավելի զուսպ ու էլեգանտ տարբերակներով, բայց մի բան շատերի մոտ անփոփոխ է մնում՝ հարսանեկան զգեստի գույնը, որը սովորության համաձայն՝ շատ երկրների հարսնացուների համար սպիտակն է: Սա, իհարկե, կապված է սպիտակի՝ մաքրությունը խորհրդանշող ավանդության հետ: Ավելի համարձակ աղջիկները, սակայն, դեմ չեն դիմել փորձարկումների եւ իրենց հարսանեկան կերպարի համար ընտրել այլընտրանքային գույներ…

Դիզայներ Գայանե Մարտիրոսյանը համարձակ պատվիրատուների պակաս չունի: NEWS.am STYLE-ը նրա հետ զրուցել է հարսանեկան զգեստի ավանդական եւ այլընտրանքային գույների եւ հարսնացուի կերպարն ամբողջացնող  աքսեսուարների մասին:

Նախ՝ վերհիշեցինք սպիտակ հարսանեկան զգեստի ավանդական եւ թրենդային դառնալու պատմությունը.

«Սպիտակի՝ հարսանեկան գույն դառնալու իրական պատմությունը մեզ հասել է Ռենեսանսի ժամանակաշրջանից։

Ամենաառաջինը նորաձեւության պատմության մեջ հիշատակված է Լյուդովիկոս 12-րդի կնոջ՝ Աննայի մասին: Ավելի ուշ՝ 17-րդ դարում, նաեւ Անգլիայում կայացավ սպիտակ զգեստով հարսանիք, կրկին՝ իշխանական, որը, չգիտես՝ ինչու, շատերը հիշատակում են՝ որպես առաջին դեպքը պատմության մեջ…Ես հակված եմ Ռենեսանսի տարբերակին հավատալուն, քանի որ դա մի ժամանակաշրջան էր, երբ արվեստի ու գեղեցիկի ընկալումը տակն ու վրա եղավ, նորոգվեց եւ ավելի զորեղ դարձավ … Ի վերջո, նորաձեւությունը միշտ էլ Ֆրանսիայից է պայթել»,-համոզված է դիզայները:

Չնայած այսօր քիչ չեն հարսնացուները, որոնք պատրաստ են սպիտակը փոխարինել այլ երանգներով, Գայանեի խոսքով՝ նորաձեւության աշխարհում տարածված չէ հարսանեկան զգեստի դեպքում այլ գույների կիրառման քարոզը.

«Հարսանեկան զգեստների առաջատար դիզայներների կողմից, ինչպիսիք են ու եղել են Լագերֆելդը, Վերա Վանգը եւ այլք, միշտ նկատվել է սպիտակի առաջարկը։ Կարծում եմ՝ անհատի ցանկությունը մեծ դեր ունի գույնի ընտրության հարցում»,-ասում է նա ու հավելում՝ «Արեւելյան մշակույթում հաճախ կարելի է հանդիպել նաեւ ոսկեգույնը, դեղինը եւ ծիրանին՝ որպես հարսանեկան զգեստի գույն»:

Այնուամենայնիվ, իր պրակտիկայում Գայանեն մեկ անգամ չէ, որ ստեղծել է այլ երանգների հարսանեկան զգեստներ.

«Զույգը հայտնի էր ու շատ գեղեցիկ… Պատվիրեցին պաստելային մենթոլի երանգը՝ կաթնագույնի համադրությամբ։

Հիանալի ստացվեց։ Առհասարակ, ինքս ստեղծել եմ շատ հարսանեկան տարբերակներ՝ թե´ գունային եւ թե´ ոճային, քանի որ իմ հաճախորդները համարձակ, ռոմանտիկ, երջանիկ, ուրախ եւ ամենակարեւորը՝ տարբերվելու նպատակով ինձ այցելող մարդիկ են»:

Գայանեն հավելում է, որ հայ փեսացուներն էլ հաճախ սիրով են մասնակցում իրենց սիրելիների երազանքների զգեստի էսքիզների ու գույնի քննարկմանը.

«Հաճախ փեսացուն ինքն է գույն ընտրում եւ ասում, որ, օրինակ, վարդագույնով կամ կարմիրով իր ապագա կինը ավելի անմոռաց տեսք կունենա իր համար … Այդպիսի դեպքերում ես միշտ զիջում եմ նրանց համատեղ որոշմանը»,-պատմում է դիզայները, որն իր պատվիրատուներից յուրաքամչյուրին ինդիվիդուալ մոտեցում է ցույց տալիս.

«Պետք է հարսնացուն տարբերվի հյուրերից եւ որ ամենակարեւորն է՝ հարսանեկան շքեղ տորթից։ Կարծում եմ՝ ասելիքս պարզ է՝ ոչ շատ համեստ, ոչ էլ՝ չափազանց ծավալուն ու անհարմար…Մոտեցումը ինդիվիդուալ պիտի լինի։ Յուրաքանչյուր կնոջ չափսերը դիագնոզի նման փաստեր են, որ թելադրում են գործի կեսը»:

Գայանեն բացի զգեստներից՝ հայտնի է նաեւ իր ստեղծած աքսեսուարներով: Դիզայների կարծիքով՝ դրանք կերպարը լրացնելու ամենակարեւոր բաղադրիչներն են.

«Զարդերն ինձ մոտ ավելի կարեւոր են, քան զգեստը, քանի որ զարդը նման է ուտեստի, իսկ զգեստը՝ ոճային սպասքի, որի վրա մատուցվում է ուտեստը։ Դու երբեք չես ուզի հիշել այն ափսեն, որի մեջ անհամ, թերի եւ փնթի ուտեստ է մատուցվել…

Այո, զարդն է ոճ ստեղծողը եւ նորաձեւության շարժիչ ուժը։

Լինի դա ադամանդ, մարգարիտ, թե շքեղ, խոշոր նորաձեւ աքսեսուար, պիտի լինի բարձրակարգ կերպով պատրաստված եւ թելադրի հարսնացուի ոճը: Հայ փեսացուներին խորհուրդ կտամ, որ պահեն մի շատ գեղեցիկ ավանդույթ, որն է՝ հարսի ձեռագործ գոտին: Դա նույնքան գեղեցիկ է, որքան սկեսուր մայրիկի լավաշը»,-ժպիտով նշեց նա:


Leave A Reply

Your email address will not be published.