ԵԱՏՄ-ում COVID-19-ի կանխարգելման պլանի նախագիծ են նախապատրաստել

0

Եվրասիական տնտեսական միության երկրները «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ պլանի նախագիծ են նախապատրաստել, որը լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մոտեցումների մշակում եւ վարակիչ հիվանդությունների մոնիտորինգի միասնական համակարգի ստեղծում է նախատեսում, երկուշաբթի հաղորդվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Փաստաթուղթը ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդաբանական մոտեցումների մշակում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիտորինգի ընդհանուր համակարգի ստեղծում, կադրերի պատրաստման, միջպետական ուսուցման եւ տարածաշրջանում առավել ակտուալ ինֆեկցիոն հիվանդությունների համար պատվաստանյութերի եւ ախտորոշիչ թեստ համակարգերի մշակման միասնական համակարգի ստեղծում է նախատեսում: Փաստաթղթի ընդունումը սպասվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ համապարփակ ծրագրի իրականացումը թույլ կտա բարելավել նոր կորոնավիրուսի հետ կապված համավարակային իրավիճակը ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաեւ կամրապնդի պետությունների ներուժը վարակիչ սպառնալիքների կանխարգելման եւ դրանց արձագանքման ոլորտում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ էր հայտարարել: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների` աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 3.3 միլիոն դեպք, մահացել է մոտ 240 հազար մարդ:

Leave A Reply

Your email address will not be published.