Ավստրալիայում դեղ են թեստավորում, որը կարող է 48 ժամում կորոնավիրուսը ճնշել
Ավստրալիայում Մոնաշի անվան համալսարանի (MU) եւ Դոերթիի Ինֆեկցիաների եւ իմունիտետի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները հակամակաբուծային դեղամիջոց իվերմեկտինը թեստավորում են COVID-19 առաջացնող կորոնավիրուսի դեմ պայքարում: Գիտնականների աշխատանքի հաշվետվությունը հրապարակվել է Antiviral Research ամսագրում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մելբուռնի Թագավորական հիվանդանոցի հիմքի վրա անցկացված լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ իվերմեկտինը բջջային կուլտուրայի մեջ կորոնավիրուսի աճը կանգնեցնում է 48 ժամում:
«Մենք հայտնաբերել ենք, որ բջիջների համար ոչ թունավոր նույնիսկ մեկ դեղաչափը կարող է 48 ժամում գրեթե ամբողջությամբ՝ 99,98 տոկոսով ոչնչացնել վիրուսային ՌՆԹ-ն եւ միջավայրում վիրուսների խտությունը զգալիորեն նվազեցնել 24 ժամում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ՝ MU-ի Բիոբժշկության դպրոցի դոկտոր Քայլի Վագսթաֆը:
Արժե նշել, որ դեղամիջոցի արդյունավետությունն առայժմ ապացուցվել է միայն լաբորատոր պայմաններում, այն պետք է հաստատել կլինիկական փորձարկումների ժամանակ:
«Ներկայումս իվերմեկտինն ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվում է եւ անվտանգ դեղամիջոց է համարվում, սակայն մենք պետք է պարզենք՝ արդյոք արդյունավետ կլինի՞ [կորոնավիրուսի դեմ պայքարում] այն դեղաչափը, որը կարելի է օգտագործել մարդու համար: Սա մեր հաջորդ քայլն է»,- նշել է Վագսթաֆը: