«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի գործի վերաբերյալ դիմել է Նիկոլ Փաշինյանին
Հանրահռչակ սցենարիստ և կինոռեժիսոր Թերի Ջորջը հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի գործին ծանոթանալու և կայացված խստագույն պատժի անկողմնակալ վերանայման նպատակով վերաքննիչ դատարան ուղարկելու խնդրանքով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«31 հունվարի 2020թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Խորհրդարանի շենք
ք. Երևան
Հարգելի՛ պարոն վարչապետ,
Ես սցենարիստ և կինոռեժիսոր Թերի Ջորջն եմ: Իմ աշխատանքների թվին են պատկանում Հյուրանոց «Ռուանդա», Հանուն Աստծո ֆիլմերը և բոլորովին վերջերս նկարահանված, Հայոց Ցեղասպանության մասին պատմող Խոստումը ֆիլմը, որն Արևմուտքի առաջին խոշոր ֆիլմն էր, որ պատմում է 1915թ-ից ի վեր Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ուժերի կողմից կազմակերպված, ավելի քան մեկ միլիոն հայ կանանց, երեխաների և տղամարդկանց բնաջնջման պատճառ դարձած սարսափելի իրադարձությունների մասին:
Ես առաջին անգամ խորությամբ պատկերացրի Մեծ Եղեռնի սարսափները, երբ կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանն ինձ պատվիրեց սցենար գրել Վկան ֆիլմի համար, որը Ցեղասպանության պատմությունը ներկայացնում էր Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի հերոսական գործողությունների և վերջինիս՝ Սողոմոն Թեհլերյանին դատարանում պաշտպան կանգնելու միջոցով:
Պարոն Մարտիրոսյանի ընկերակցությամբ ես շատ եմ ճանապարհորդել Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում: Նա մեծ հայրենասեր է, և չափազանց մեծ էր նրա ցանկությունը՝ հասնել Հայոց Ցեղասպանության պատմության էկրանավորմանը: Գիտելիքները, որ ես ստացա Վկան ֆիլմի համար ուսումնասիրություններ կատարելիս և սցենարը գրելիս, հանգեցրին նրան, որ որոշ ժամանակ անց ես ներգրավվեցի Քըրք Քըրքորյանի ընկերության համար Խոստումը ֆիլմի սցենարի գրման և ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
Վերջերս տեղեկացա, որ հոլիվուդյան մի շարք ֆիլմերի ֆինանսավորման հետ կապված խարդախության մեղադրանքով պրն. Մարտիրոսյանը դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման: Կինոարտադրության մամուլից տեղեկացա, որ պրն. Մարտիրոսյանի «Ինվիժն Էնթըրթեյնմընթ» ընկերության կողմից նկարահանված ֆիլմերից մի քանիսը ֆինանսապես ձախողվել են: Կարող եմ վկայել, որ հոլիվուդյան ֆիլերի ֆինանսավորումը չափազանց ռիսկային գործ է: Օրինակ Խոստումը ֆիլմը, որը չնայած քննադատների կողմից շատ մեծ գնահատանքի արժանացավ ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ ֆինանսական մեծ ձախողում ունեցավ. նրա բյուջեն կազմում էր մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար, որից, սակայն, միայն 10 միլիոնը հետ վերադարձավ ԱՄՆ-ում:
Պարոն վարչապե՛տ, ես խորապես տպավորված եմ Հայաստանում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար Ձեր կողմից ձեռնարկվող մեծածավալ քայլերով և արդարության համար մղվող Ձեր ցմահ պայքարով: Հուսով եմ՝ ուշադրությամբ կծանոթանաք պրն. Մարտիրոսյանի գործին և այն կուղարկեք վերաքննիչ դատարան՝ այս խստագույն պատժի անկողմնակալ վերանայման համար:
Հարգանքով՝
Թերի Ջորջ
«Շեյմուս Փրոդաքշնս»
Դի Ամերիկաս պող. 1301, Նյու-Յորք, 10019»
[ստորագրված է]
