«35-ամյակս ավելի հուզված եմ դիմավորել, քան մնացած տարիները». Ծովինար Մարտիրոսյանի տարեդարձն ու ամուսնու եւ երեխաների անակնկալները
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը դեկտեմբերի 18-ին նշել է ծննդյան 35-ամյակը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ծովինարն ասաց, որ տարեդարձը նախընտրել է տոնել երեւանյան ռեստորաններից մեկում` միայն մտերիմ եւ հարազատ մարդկանց շրջապատում: Դերասանուհու օրը տոն են դարձրել նաեւ ամուսինը` դերասան Նարեկ Հայկազյանը, եւ երեխաները:
«Օրս սկսվել է անակնկալներով լի: 35-ամյակս ավելի հուզված եմ դիմավորել, քան մնացած տարիները: Շատ հետաքրքիր զգացողություններ ունեի»,-պատմում է նա:
Դերասանուհու ամուսինը նրան հաճախ է անակնկալներ մատուցում, որոնց մասին պատմել ենք նաեւ NEWS.am STYLE-ի էջերում: Կնոջ տարեդարձը բնականաբար եւս լավ առիթ էր անակնկալի համար:
Ծովինարը ծննդյան տոները սիրում է, ասում է` «Այդ օրը տարին մեկ անգամ է լինում եւ կարծում եմ` հրաշալի տոն է մարդու համար: Մեծանալուց չեմ վախենում, ծերանալուց` մի քիչ…»,-խոստովանում է նա:
Հարցին` արդյոք հասե՞լ է այն ամենին, ինչին ձգտում էր հասնել մինչեւ 35-ը, դերասանուհին պատասխանեց.
«35-ում արդեն ունեմ տուն, երկու հրաշալի զավակ, ամուսին, աշխատանք, եւ թող մեծամտություն չհնչի, բայց կարծում եմ` դա արդեն կայացած լինելու նշան է: Իհարկե, դեռ շատ նպատակներ ու երազանքներ կան, որոնք հուսով եմ` կիրականացնեմ:
Չեմ սիրում դրանց մասին բարձրաձայնել, այնպես որ` առայժմ կխուսափեմ այս թեմայից»:
Ծովինարը նաեւ հավելեց, որ շուտով կլինի նոր նախագծերում.
«Շուտով հեռուստադիտողն ինձ կտեսնի էկրաններին եւ չի հասցնի կարոտել, իսկ հանդիսատեսն ինձ կարող է տեսնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում»:

