«Այդ մասին տարիներ շարունակ լռել եմ. համարձակություն չունեի խոսելու»․ Լիանա Ոսկերչյանը` «Միսս Աշխարհ» մրցույթում բարձրացրած խնդրի և նոր անելիքների մասին

0

«Միսս Աշխարհ Արմենիա»  գեղեցկության տիտղոսակիր Լիանա Ոսկերչյանի համար անցած տարին շատ հագեցած էր: Ազգային գեղեցկության մրցույթը հաղթելուց հետո սկսեց նախապատրաստվել «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթին, ուսումը թողնել չէր կարող քանի որ կրթությունը Լիանայի համար կարևոր է: 2019 թվականի ձեռքբերումներից մեկն էլ Լիանայի համար ազգային երաժշտական գործիքի` քանոն նվագել սովորելն էր, որով ներկայացավ «Միսս Աշխարհ» մրցույթին:

«Տարեվերջին համագործակցեցի նաև «Իրականացրու երազանք» հասարակական կազմակերպության հետ, ներկայացա որպես Ձյունանուշ երեխաների համար: Շատ անհանգիստ էի, թե ինչպես երեխաները կընդունեն և կկարողանամ արդյոք կառավարել զգացմունքներս: Բայց ուրախ եմ, որ երեխաները սիրեցին, գրկեցին, և կարողացա որոշ չափով նրանց օրը տոն դարձնել: Մենք պատրաստվում ենք շարունակել մեր բարեգործական արշավները»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Լիանան:

Լիանան նշում է, որ Միսս Աշխարհի Արմենիա գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո պատասխանատվությունը ավելի մեծացել է, քանի որ հիմա նրան ճանաչում են և ուշադրության կենտրում է. «Պետք է հետևես քո խոսքին, շարժուձևին, երբ նկատում եմ մարդկանց հայացքներ, մտածում եմ` ինչու են այդպես նայում, գուցե ինչ որ բան այն չէ ինձ վրա, հետո հիշում եմ, որ ես Միսս Հայաստանն եմ J: Առաջին ամիսները շատ անսովոր էր, երբ նկատում էի ինչ որ հայացքներ: Հիմա արդեն սովորել եմ, բայց ավելի զգոն եմ, որպեսզի ինձ միշտ ճիշտ ներկայացնեմ»:

Ինչ վերաբերվում է աղջկական նախանձին և մրցակցությանը` Լիանան նշում է, որ իր հանդեպ չի եղել. «Մեր մրցույթային օրերի ընթացքում աղջիկները շատ ջերմ էին և բոլորը իրոք սրտանց շնորհավորել, ուրախացել են ինձ համար, ամեն դեպքում ես այդպես եմ զգացել: Միսս Աշխարհում էլ նույն ջերմ, ընտանեկան միջավայրն է և աղջիկների հետ մինչև հիմա էլ կապը կա»:

Երբ գրեթե ամբողջ աշխարհը հիանում և մոտիվացվում է այսպես ասած արհեստական գեղեցկությամբ, ինչ է քարոզում և ինչպես է իր օրինակով փորձում մոտիվացնել աղջիկներին. «Նախ ուզում եմ ասել, որ «Միսս Աշխարհ»-ի իմ մասին պատմող հոլովակը, մի խնդրի մասին էր, որի մասին տարիներ շարունակ լռել էի և համարձակություն չունեի խոսել, անգամ ինձ շատ մտերիմ մարդիկ չգիտեին, որովհետև ես խնամքով թաքցնում էի: Իսկ «Միսս աշխարհ»-ի բեմը ես որոշեցի օգտագոտծել հարթակ դրա մասին խոսելու, գիտակելով որ ես շատերի համար կարող եմ դառնալ օրինակ, մոտիվացիա, այն մարդկանց համար ովքեր ունեն վիտիլիգո, և  չամանչեն լինեն այնպիսին, ինչպես որ կան:  Բացի դա ես կարծում եմ, գեղեցկուհու տիտղոսը` թագն ու ժապավենը, միայն այն չէ, որ բոլորն ասեն ինչ գեղեցիկ է: Այն պետք է վաստակել, հետո արժանապատվորեն կրել: Գեղեցկուհու պարտականությունը բարություն տարածելն է, ես ինչ որ չափով դա անում եմ և շարունակելու եմ անել»:

Լիանային շատ բան կարող է մոտիվացնել, ամեն ինչի մեջ փորձում է դրականը գտնել. «Բոլոր ծանրաբեռնված օրերի վերջում սիրում եմ մեկուսանալ սենյակումս և նվագել կիթառ, կամ քանոն: Սիրում եմ պատրաստել, դրանից հանգստանում եմ, բայց իմ ամենաուժեղ մոտիվացիան մայրս է, ով միշտ պայքարելու ուժ է տալիս ինձ»:

Գեղեցկուհին նշում է, որ մեկ ամիս Լոնդոնում գտնվելու ընթացքում ուսումը տուժել էր, հիմա փորձում է ամեն ինչ լրացնել. «Բացի դա բարեգործական արշավներ եմ սկսելու, որոնց մասին շուտով կխոսեմ»

Leave A Reply

Your email address will not be published.