Երևանում կնշվի Մոսկվայի 872-ամյակը

0

Այս տարի Մոսկվան կտոնի իր 872-ամյակը: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի տոնը մեծ շուքով կնշեն նաև Երևանում։

Այս առիթով Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը` Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ առաջին անգամ Երևանում կազմակերպում են մեծ տոնախմբություն։  

Մոսկվայի տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 7-ին Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում` Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի գործերի ցուցահանդեսի բացումով ու տոնական համերգով։

Սեպտեմբերի 8-ին Երևանում տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ։ Ժամը 12:00-ից 19:00-ը Հյուսիսային պողոտայում երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են համերգ՝ հայտնի DJ-ների և երիտասարդական խմբերի մասնակցությամբ, փողային նվագախմբի փառատոն, տոնավաճառ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, հյուրասիրություններ, բազմաթիվ անակնկալներ և նվերներ:

Ժամը 19:30-ից 22:00-ը Ազնավուրի հրապարակում տեղի կունենա համերգ  ռուսական և հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

Տոնի առիթով միջոցառումներ կկազմակերպվեն նաև Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու), Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայում։

Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հարթակներում կանցկացվեն նաև ցուցահանդեսներ, կինոդիտումներ, գրական մրցույթներ, մրցաշարեր:

Կազմակերպիչները վստահ են, որ միջոցառումները կավելացնեն հետաքրքրությունը ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ, կնպաստեն Երևանի և Մոսկվայի միջև մշակութային երկխոսության զարգացմանը` դառնալով ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վառ ապացույցը:

Միջոցառումների հոլովակը

Leave A Reply

Your email address will not be published.