«Երբ ինձ արգելում են մի բան, ես այն ավելի շատ եմ ուզում»․ «ծնողներին ծուղակի մեջ գցած» Լինդսի Լոհանը նշում է 33-ամյակը
Ծնողներին վերամիավորելու նպատակով նրանց համար ծուղակ պատրաստած ամենահայտնի երկու երկվորյակ քույրերին՝ Էննիին ու Հոլիին, մարմնավորող դերասանուհի Լինդսի Լոհանն այսօր՝ հուլիսի 2-ին, նշում է ծննդյան 33-ամյակը։ «Ծուղակ ծնողների համար» ֆիլմում նկարահանվելիս դերասանուհին ընդամենը 11 տարեկան էր, սակայն ֆիլմի եւ կերպարների հանդեպ հանրության բարձր վերաբերմունքից կարելի է փաստել, որ փոքրիկ Լինդսիին լավագույնս հաջողվել է մարմնավորել միանգամից երկու կերպար։
Ֆիլմից անմիջապես հետո հաջողությունը ժպտաց դերասանուհուն։ Նա սկսեց նկարահանվել նաեւ այլ հայտնի նախագծերում, որոնցից են, օրինակ, «Խելահեղ հինգշաբթի», «Շփացած աղջիկները», «Խելահեղ վազքեր», «Համբույր հաջողության համար», «Մի քիչ հղի» եւ այլն։ Բացի դերասանական կարիերայից՝ նա նաեւ սկսեց հայտնիություն ձեռք բերել՝ որպես երգչուհի։
Սակայն Լոհանի անձնականը միշտ չէ հարթ եղել իր կարիերայի նման։ Հայտնիությունն իր բացասական հետքն էր թողել նրա նախասիրությունների վրա։ Մի շրջան դերասանուհին այնքան էր տարված թմրանյութերով եւ ալկոհոլով, որ նրա անունը մեդիայում հաճախ կապվում էր սկանդալների հետ։ Սակայն այսօր դրանց մասին չէ, որ ցանկանում ենք խոսել։ Դերասանուհու ծննդյան առթիվ առաջարկում ենք վերհիշել նրա հայտնի մտքերից մի քանիսը։
«Գեղեցկությունը նրբագեղության եւ ինքնավստահության մեջ է։ Ես սովորել եմ ընդունել եւ գնահատել այն, ինչ ինձ բնությունն է տվել»։
«Բոլորիս կյանքում էլ պատահում են թե վերելքներ, թե բարձրունքներ, որոնք մեզ շատ բաներ են սովորեցնում, սակայն ամեն առավոտ ես արթնանում եմ ինքս ինձ ներշնչելով, որ առջեւում ինձ հրաշալի օր է սպասվում»։
«Իմ կարգախոսը հետեւյալն է՝ ամեն օրն ապրել լիարժեք»։
«Երբեք մի ասա «երբեք»։ Այն, ինչ չես պլանավորում, սովորաբար, ամենահաճելի բանն է դառնում։ Ես, իսկապես, անկանխատեսելի մարդ եմ»։
«Կյանքը լի է ռիսկերով։ Ինչո՞ւ չօգտվել դրանցից»։
««Ոչ» բառն աշխատեք ավելի հաճախ օգտագործել, քան «այո»-ն, եւ փորձեք ձեզ շրջապատել միայն լավ մարդկանցով»։
«Երբ ես նկարահանման եմ լինում, այդ պահին ամենաերջանիկն եմ դառնում։ Դա, ասես, ինձ համար թերապիա լինի»։
«Ես հրեշտակ եմ, եթե ինձ համեմատեք ընկերներիս հետ»։
«Երբ ինձ արգելում են մի բան, ես այն ավելի շատ եմ ուզում»։
«Ես ցանկանում էի դառնալ կինոաստղ, բայց կինոաստղերն այսօր այնպիսին չեն, ինչպիսին նախկինում էին»։