Գեղասահքի ֆեդերացիայի անդամ, մարզիչ Էլեն Համբարձումյանը՝ առաջնության և սպորտաձևի հանդեպ հետաքրքրվածության մասին

0

Արդեն չորս տարի անընդմեջ Հայաստանում անցկացվում է գեղասահքի բաց առաջնություն, որը կազմակերպում է Գեղասահքի ազգային ֆեդերացիան: Տարեցտարի մասնակիցները քանակը շատանում է, իսկ այս տարի յոթ երկրից էին ժամանել մասնակիցները, ընդհանուր առմամբ հարյուրից ավել մասնակից կար, որոնցից մոտ ութսունը՝ Երևան քաղաքի գեղասահքի և հոկեյի դպրոցի  սաներն էին: BlogNews.am-ի հետ զրույցում Գեղասահքի ֆեդերացիայի անդամ, մարզիչ Էլեն Համբարձումյանը պատմել է սպորտաձևի աճի, զարգացումների, ինչպես նաև բացթողումների մասին։

«Իհարկե արագ քայլերով զարգացում չենք կարող գրանցել այս սպորտաձևում: Քսան տարի մենք սահադաշտ չենք ունեցել․ ընդամենը երեք տարի է, ինչ ունենք: Բացերը շատ են, որոնք պետք է լրացնել՝ մասնագետների վերապատրաստում, փորձի փոխանակման կարիք ունենք, որովհետև մեր սպրոտաձևը տարեցտարի փոփոխվում է: Մրցավարական համակարգն է փոխվում, որի տեխնիկական կանոնները պետք է իմանանք մենք՝ մարզիչներս, որովհետև թերանում ենք․ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»:

Էլենը նշում է, որ մրցավարական համակարգչային սպասարկում չունեն և մրցումները կազմակերպելու համար ստիպված մասնագետների են հրավիրում դրսից․ «Նաև մեծ խնդիր ունենք չմուշկների սրելու հետ կապված, չունենք սարք: Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը․ օրինակ, եթե դաշնամուրը կամ ջութակը լարած չլինի, երաժշտությունն այն չի լինի, ինչ ցանկանում ես: Ամիսներ շարունակ չենք սրում չմուշկները, և երեխաները դրա համար շատ են տուժում: Ամեն ինչը մանրուք է թվում, բայց այդ ամենից կախված է նաև մեր հաջողությունը»:

Այն հարցին՝ որքան շատ է երեխաների հետաքրքրվածությունն այս մարզաձևի հանդեպ, և արդյո՞ք յուրաքանչյուր տարի ավելանում են սաներ, Էլենը նշում է. «Աճ, իհարկե, կա, պարզապես այս սպորտաձևը երկար տարիներ չի եղել մեր երկրում, դեռ այն գիտակցությունը չկա, որ պետք է վաղ տարիքում երեխան այցելի գեղասահքի։ Բնական է, որ չորս տարեկան երեխան չունի այդ գիտակցությունը: Շատ հաճախ ծնողները մտածում են՝ երեխան փոքր է, և ճիշտ է յոթ-ութ տարեկանում հաճախել, բայց սպորտաձևի համար դա բավականին ուշ տարիք է»:

Leave A Reply

Your email address will not be published.