Լիլի Մորտոյին հեռուտատեսությամբ կարելի է ելույթ ունենալ, Ալվուշիկին մեր համերգասրահում՝ ո՞չ. Գ.Մանասյան
Ապրիլի 27-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Instagram-ում հայտնի Ալվուշիկը վարպետաց դասեր է տալու:
Համերգասրահի մոտ փակցված պաստառը միանգամից գրավել է հանրության ուշադրությունը և համացանցում բուռն քննարկում է սկսվել, թե ով է այդ Ալվուշիկը և ինչու են նրան թույլ տվել իր փորձով կիսվել նման մշակութային օջախում:
Այս առիթով ArmDay.am-ը զրուցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ:
-Պրն Մանասյան, Ալվուշիկի պաստառը աղմուկ է առաջացրել հանրության մոտ: Ո՞վ է նա, և ի՞նչ է անելու Ձեր համերգասրահում:
-Նախքան աղմկելը խորհուրդ կտայի նախ գալ ու ներկա լինել նրա երեկոյին, տեսնել, թե ինչ և ինչպես է տեղի ունենալու: Ալվուշիկը ներկայացնելու է, թե ինչպես դառնալ հայտնի,հասնել հաջողության սոցիալական ցանցերի միջոցով: Եթե երևանցիները չեն ուզում, թող ներկա չլինեն, տոմս չգնեն, պարզապես չմասնակցեն՝դրանով տալով իրենց գնահատականը: Եվ հարց. Լիլի Մորտոյին հեռուստատեսությամբ կարելի է ելույթ ունենալ, Ալվուշիկին մեր համերգասրահում՝ ո՞չ:
-Դուք նախապես տեղեկանո՞ւմ եք ծրագրի մասին:
-Այո, թեև եթե առարկություն ունենամ, չեմ կարող նրանց ծրագիրը փոփոխոթյան ենթարկել, իրավունք չունեմ: Ես տարիներով պայքարել եմ այդ օրենքի դեմ, ինձ ասել են՝ դու սովետական մարդ ես:
-Կա՞ն սահմանափակումներ, թե ովքեր և ինչ չեն կարող ներկայացնել Առնո Բաբաջանյանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում:
-Իհարկե կան: Եթե ես անգամ գիտեմ, որ այս կամ այն մարդը չի համապատասխանում մեր համերգասրահում ելույթ ունենալուն, միևնույնն է, չեմ կարող արգելել, քանի որ Հայաստանը 32 կոնվենցիա է ստորագրել եվրոպական եկրների հետ, որոնց համաձայն` ես դահլիճ իրավունք ունեմ չտալ միայն այն մարդուն ով պոռնոգրաֆիա է քարոզում և պատերազմի կոչ է անում: Ժամանակին ես նման բան արել եմ, ինձ դատի են տվել և դատը շահել են:
Զգայական բաները օրենքի մեջ չեն տեղավորվում: Ես, իսկապես, չեմ կարող արգելել, նա ո’չ շորերն է հանելու, ո’չ մերկապար է ցույց տալու՝ ինչպես շատերը խոսում են:
-Էլ ի՞նչ պատճառներ կան, որոնք խանգարում են մերժել ոչ մշակութային ծրագրերի իրականացմանը Ձեր համերգասրահում:
-Ես կարող էի այդ օրը հազար ու մի պատճառ գտնել. դահլիճը զբաղված է, և այլն, բայց իրավունք չունեմ: Բացի այդ, պետությոնը մեզ վրա պլան է դրել 18 մլն դր, եթե ես այդ պլանը չկատարեմ, աշխատանքից կհեռացնեն: Մենք կաշկանդվածություն ունենք նաև այդ առիթով:
-Ալվուշիկի ծրագրի համար վճարում կատարվե՞լ է:
-Այո, բարեգործական հիմունքով չէ:
-Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է գումարը համերգասրահը վարձակալելու:
-Երկու հարյուր հազար դրամ, պայմանագրով, օրենքով ամեն ինչ արված է:
-Տոմսերը վաճառվե՞լ են:
-Չգիտեմ, մենք տոմսերի վաճառքի հետ կապ չունենք:
-Այսինքն կարելի է նաև Ձեր համերգասրահում հարսանի՞ք անել:
-Ո’չ, հարսանիքը ո’չ մշակութային, ո’չ ժամանցային ժանրի մեջ չի մտնում:
-Ուրեմն ինչպե՞ս տարբերել ժամանցային ու մշակութային վայրերը:
-Այս առիթով ասեմ, որ տերմինալոգիան փոխվել է, և հիմա մշակութային օջախները դարձրել են ժամանցային վայրեր: