Նախարարները մեկնաբանել են Քաղաքացու օրվա խորհուրդը
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը քաղաքացիների հետ խոսել են քաղաքացու օրվա խորհրդի մասին: Ապրիլի 27-ին նախարարները մասնակցել են «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը:
«Այս օրը ոչ թե մեր իշխանության գալու մասին է, այլ Հայաստանում քաղաքացիական հասարակության, քաղաքացու իրավունքների հաղթանակի մասին է: Եվ այդ հաղթանակը և՛ այս իշխանության, և՛ հետագա իշխանությունների ձևավորման սկզբունքի, ձևի, բովանդակության մասին է: Հայաստանի քաղաքացին այսուհետ Հայաստանում այլևս իրավարար տեր է, և այդ իրավունքը ոչ ոքի չի զիջելու»,- ասաց Սուրեն Պապիկյան..
Զարուհի Բաթոյանը նշեց, որ հույս ունի՝ այս օրը նպաստելու է քաղաքացիների գիտակցության բարձրացմանը:
«Այն սերունդն ենք, որ ուրախությամբ սկիզբ է դնում այս տոնին: Հույս ունեմ, որ այս տոնը տարեց տարի պետք է նաև նպաստի քաղաքացու գիտակցության բարձրացմանը»,- նշեց Բաթոյանը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ տոնը զգոնություն է հաղորդում գործադիր իշխանությանը:
«Այս օրն արտահայտում է այն, ինչին մենք ձգտել ենք 27 տարի՝ կառուցել մեր պետությունը, մեր երկիրը, որպես ժողովուրդ, որն ունի իր հստակ արտահայտված ինքնությունը, արժանապատվությունը, ինքնավստահությունը, հարգանքը պատմության հանդեպ: Այս օրը նաև հիշեցում է կառավարությանը՝ զգոնությունը պահելու քաղաքացու պահանջների, ձգտումների և սպասելիքների հանդեպ: Սա է ուժեղացնում մեր մանդատը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: