ԱՄՆ-ի մի քանի դպրոցներում դրեսս-կոդ են սահմանել ծնողների համար
ԱՄՆ-ի մի քանի ուսումնական հաստատությունների վարչակազմեր դպրոցի տարածքում անվայել տեսքով, մասնավորապես, բիգուդիներով, ծնողների հայտնվելու արգելք են սահմանել: Ինչպես հայտնել Է The Wall Street Journal թերթը, Հյուսթոնում (Տեխասի նահանգ) Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցի տնօրեն Քառլոթա Օթլի Բրաունը հայտարարել Է, որ «առանձին ծնողներ իրենց երեխաներին տանելու են գալիս այնպիսի հագուստով, որը պատշաճ չԷ ուսումնական հաստատությունների համար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սովորողների ծնողներին ուղարկված նամակում հաղորդվում Է, որ չի թույլատրվելու դպրոց գալ բիգուդիներով, տնազգեստներով, պարկանման զգեստներով, չափազանց կիպ կամ «չափից դուրս բաց» հագուստով, ինչպես նաեւ խիստ պատառոտված ջինսերով: Այդ կանոնները խախտողների համար մուտքը դպրոցի տարածք փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն փոխի հագուստը:
Ծնողների համար համանման պահանջներ Է սահմանել նաեւ Ռիչմոնդի (Վիրջինիայի նահանգ) Բարաք Օբամայի անվան դպրոցի վարչակազմը: Այնտեղ արգելքի տակ են հայտնվել գիշերային կապագլխարկները, տնային անդրավարտիքները, կարճացված շորտերը, թափվող շալվարները:
«Մենք բոլորս պետք Է օրինակ ծառայենք սովորողների համար»,- թերթը մեջբերում Է այս ուսումնական հաստատության հայտարարությունը: Ծնողների համար օրենսդրական մակարդակով դրեսս-կոդ սահմանելն առաջարկել Է Թեննեսիի նահանգի օրենսդրական ժողովի անդամ Էնթոնի Փարքինսոնը: The Wall Street Journal-ի տվյալներով՝ այս օրինագծի քննարկումը, որը բանավեճերի տեղիք Է տվել, հետաձգվել Է գալիք տարի: Այս օրենսդրական նախաձեռնության հակառակորդներից մեկը՝ Թեննեսիի օրենսդիր ժողովի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռայան Ուիլյամսը, կարծում Է, որ այսօրինակ պահանջների պատճառով ծնողներն ավելի քիչ կհետեւեն դպրոցներում իրենց երեխաների ուսմանը, հաղորդել Է ՏԱՍՍ