Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը

0

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Սառցե Պալատ» անվանափոխելու մասին հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է. «Իրինա Ռոդնինան, ում անունով անվանակոչվել է Երևանի գեղասահքի մարզադպրոցը և ով հանդիսանում է Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։ Իրինա Ռոդնինան, մասնակցելով այդ միջոցառմանը, իր հարցազրույցում միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունը այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով։

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է անվանափոխել գեղասահքի մարզադպրոցը՝ արտահայտելով Երևանի ավագանու և ներկայացված քաղաքական ուժերի անհամաձայնությունը Ռոդնինայի հնչեցրած դիրքորոշումներին»։

Leave A Reply

Your email address will not be published.