ԱՄՆ կոնգրեսականը Քիմ Քարդաշյանին համարում է Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման «գաղտնի զենք»
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրը առաջարկել է կոչ անել հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, որպեսզի վերջինս թվիթերյան գրառում անի ու դրդի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում:
«Կարծում եմ մեր սփյուռքի ներսում մենք ունենք գաղտնի զենք, որը կարող է դրդել նրան (խմբ.- Դոնալդ Թրամփին) ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է բոլորս թվիթերի միջոցով գրառում անենք և խնդրենք նրան, որպեսզի վերջինս հորդորի նախագահին քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով..