Երկրպագուն ծաղրել է Բոատենգին, ֆուտբոլիստի զվարճալի պատասխանը չի ուշացել
«Բարսելոնայի» հարձակվող Կևին-Պրինս Բոատենգը հումորով է արձագանքել «Ինստագրամի» օգտատերերից մեկի հարցին։
Այն բանից հետո, ինչ կատալոնական թիմը Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրում 2-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին», 32-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում թիմի՝ գոլը տոնելու դրվագը ներկայացնող լուսանկար է հրապարակել։
Օգտատերերից մեկը, նկատի ունենալով Բոատենգի՝ «Բարսելոնայում» խաղային պրակտիկայից զուրկ լինելը, հետևյալ մեկնաբանությունն է թողել․ «Դու տեղափոխվել ես «Բարսելոնա» միայն լուսանկարներ պատրաստելու համար»։ Գանացին պատասխանել է․ «Այո՛, բայց շատ լավ լուսանկարներ»։
Բոատենգը «Սասուոլոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Նա կատալոնական թիմի կազմում առ այսօր մասնակցել է ընդամենը 2 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողությամբ։ Հարձակվողը «կապտանռնագույնների» շարքերում վարձավճարով հանդես կգա մինչև այս մրցաշրջանի ավարտը։