«Տեսնո՞ւմ եք` ինչ հայ աղջիկ եմ». Նատալիա Օրեյրոն ստացավ հայկական «անձնագիր» ու երգեց հայերեն
Վարակիչ անմիջականություն եւ փայլող աչքեր: Նատալիա Օրեյրոն այսօր իր ներկայությամբ լրագրողների մոտ արթնացրեց «Վայրի հրեշտակից» մնացած մանկական ջերմ հուշերը: «Ինչպե՞սեք»,- հայերենով հետաքրքրվեց ուրուգվայցի գեղեցկուհին, այնուհետեւ խոստովանեց, որ Հայաստանը միշտ է սիրել, քանի որ Արգենտինայում եւ հայրենի Ուրուգվայում հայկական մեծ համայնքներ կան.
«Շատ ուրախ եմ, առաջին անգամ եմ Հայաստանում: Այստեղ եմ ամուսնուս եւ որդուս հետ: Երեկ ամբողջ օրը քնել եմ, որովհետեւ լուսադեմին էի ժամանել, իսկ դրանից առաջ 12 համերգ եմ ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Բայց ամուսինս ու որդիս ամբող օրը շրջել են քաղաքով, եղել են հին տաճարներից մեկում ու ինձ շատ երկար հաց են բերել (լավաշը նկատի ունի. հեղ), որն ամբողջ գիշեր կերել եմ, (ծիծաղում է) Արգենտինայում եւ Ուրուգվայում ձեզ շատ եմ սիրում, գիտե՞ք»,- հետաքրքրվեց դերասանուհին, ինչին ի պատասխան լսեց բազում խոստովանություններ, որ իրեն էլ այստեղ են սիրում վաղուց էին սպասում: Իսկ NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչպես ծրագրեց Հայաստանն ընդգրկել իր շրջագայության ցանկում եւ ինչ շոու է սպասվում հանդիսատեսին, նշեց.
«Իմ թիմում ես ունեմ ազգությամբ հայ երաժիշտ, որն ինձ շատ է պատմել Հայաստանի մասին: Վաղը հրաշալի շոու է սպասվում եւ ես արդեն մտածում եմ հաճախ վերադառնալ այստեղ»:
Հայերեն երգով, սակայն, Նատալիան չի ներկայանա համերգի ընթացքում: Ասում է` առաջին փորձը պիտի լինի հայերենսվ երգելու, եւ քանի որ չի կարող կարճ ժամանակում կատարյալ տիրապետել լեզվի նրբություններին, չի ցանկանում վիրավորել որեւէ մեկին իր սխալ արտասանությամբ: Փոխարենը հետաքրքրվեց` ինչպես է Cambio Dolor-ը թարգմանվում հայերեն ու սկեց երգել. «Փոխում եմ ցավս ազատության»:
Շատերին էր հետաքրքրում` ինչպիսի հարաբերությունների մեջ է այսօր «Վայրի հրեշտակի» իր խաղընկերոջ` Ֆակունդո Արանայի հետ.
«Շատ լավ ընկերներ ենք: Օրերս նրա ծնունդն էր, ես էլ համերգի էի: Հենց տեղում զանգահարեցի նրան ու հանդիսատեսի հետ միասին բարձր ու ուրախ շնորհավորեցինք նրան… Նրան շատ են սպասում տեսնել իմ ելույթներին: Հուսով եմ` մի օր ինձ հետ կգա, թե չէ անարդար է ստացվում, պարտադիր իմ իրերին ավելանում է եւս մի ճամպրուկ է` նախատեսված նրա համար: Թող գա ու վճարի դրա համար»,- իրեն բնորոշ հումորով նշեց դերասանուհին:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում հումորային անակնկալների պակաս չեղավ: Քանի որ Ռուսաստանում Նատալիային նվիրել էին ռուսական անձնագիր, Հայաստանում էլ նա արդեն նվեր ստացավ հայկականը: Եղան նաեւ այլ նվերներ` հայկական գոտու, զանգերի, գլխարկի, պայուսակի ու հյուրասիրության տեսքով:
«Տեսնո՞ւմ եք` ինչ հայ աղջիկ եմ»:
Նատալիան հայկական հյուրասիրությունը փոխհատուցեց շատերի երազանքներն իրականացնելով` լուսանկարվեց ցանկացողների հետ ու ինքնագրեր բաժանեց:
Նատալիա Օրեյրոյի երեւանյան համերգը կկայանա վաղը` ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դերասանուհին, ի դեպ, UNICEF-ի բարի կամքի դեսպան է, նշեց, որ այստեղ էլ այդ ուղղությամբ հանդիպումներ կունենա: