Կամո Ունանյանը՝ Գերմանիայում գրանցած իր հաղթանակի մասին
Օրերս Գերմանիայի Հալլե քաղաքում կայացավ WKF վարկածով կարատեի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացնում էր մեր հայրենակից Կամո Ունանյանը։
Մասնակցելով 84 կգ քաշային կարգում նա բավականին բարդ մենամարտեր ունեցավ Լեհաստանի՝ 1/16, Նոր Զելանդիայի 1/8, Չեխիայի մարզիկների հետ, կիսաեզրափակչում՝ Սլովակիայի, իսկ արդեն երզրափակչում՝ Գերմանիայի մարզիկի հետ։ Ցավոք վերջինիս հետ մենամարտի ժամանակ մեր մասնակիցը ստանում է լուրջ վնասվածքներ։
Կամո Ունանյանը Vesti.am-ի հետ զրույցում նշել է, որ ծանր մարտ է անցկացրել ստանալով, աջ ոտքի ոսկրի և ձախ ձեռքի մատների լուրջ վնասվածք և ի ուրախություն բոլորիս դա չի խանգարել, որ հայ մարզիկը զիջի իր դիրքերը՝ ավելին նա մրցաշարն ավարտել է գեղեցիկ հաղթանակով։
Սպորտասեր մեր ընթերցողներն արդեն գիտեն, որ Կամո Ունանյանը երկար տարիներ մասնակցել է 75 կգ քաշային կարգում, սակայն 2019 թվականից արդեն որոշել է մի փոքր բարձրացնել քաշային կարգը և այսուհետ հանդես գալ 84 կգ քաշային կարգում։
Հարցին՝ շարունակելո՞ւ է արդյոք մարզումները բարձր քաշային կարգում, մարզիկը նշեց, որ կանի ամեն բան, որպեսզի վերադառնա իր 75 կգ քաշային կարգին, քանի որ 84 կգ առավել բարդ քաշային կարգ է։
Տեղեկացնենք, որ ներկա պահին Կամոն գտնվում է Հունաստանում՝ ստացված վնասվածքների համար բուժզննում անցնելու նպատակով։
Մաղթենք մեր մարզիկին քաջ առողջություն և շարունակական հաղթանակներ։