Օպերային թատրոնի աշխատակիցները Նազենի Ղարիբյանից պահանջում են հեռանալ պաշտոնից
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, նաև՝ չեղարկել Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, հակառակ դեպքում իրենք գործադուլ կիրականացնեն:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ` այդ մասին մարտի 30-ին թատրոնում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտնեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
«Այսօրվա ներկայացումը` «Դիմակահանդեսը», տեղի կունենա, քանի որ տոմսերը վաճառված են, կանցկացվի նաև ապրիլի 4-ին նախատեսված «Կախարդական ֆլեյտա» ներկայացումը: Բայց մենք պահանջում ենք Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ու եթե նա պահանջը չիրականացնի, մենք գործադուլ ենք իրականացնելու»,-շեշտեց Ավետիսյանը: Նրա հայտարարությունը ծափողջյուններով ընդունվեց:
Օպերային թատրոնի աշխատակիցները նաև որոշեցին մարտի 30-ից ստորագրահավաք իրականացնել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Բեմադրիչ Նաիրե Ստեփանյանի խոսքով` Կոնստանտին Օրբելյանը մեծ կշիռ ունի աշխարհում: «Ով էլ նրան փոխարինի` տնօրեններ, օպերային արվեստից ինչ-որ բան հասկացող մարդիկ, ոչ մեկ չունի Օրբելյանի թափը, որ կարողանա մեր օպերային արվեստը բարձրացնել այն մակարդակին, որ աշխարհում մեզ ճանաչեն»,-շեշտեց նա:
Օպերային թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանն ասաց, որ գուցե շատերը չգիտեն, բայց Կոնստանտին Օրբելյանն իր անձնական գրպանից մեծ գումարներ է ներդրել թատրոնի համար: Նա պրոյեկտորներ է նվիրել թատրոնին, իր հաշվին լուրջ մասնագետների է արտերկրից Հայաստան հրավիրել բեմադրություններ անելու, վարպետության դասեր անցկացնելու համար:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց, որ Կոնստանտին Օրբելյանն իր գործի նվիրյալն է, իսկ նվիրյալներին պետք է բարձրացնել, ոչ թե փորձել ինչ-որ կերպ խանգարել: «Նա մարդ է, որը թողել է իր բարեկեցիկ կյանքը, եկել է Հայաստան, որ օգտակար լինի մեր մշակույթին, ու նա կարողանում է օգտակար լինել»,-ընդգծեց Սաթյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 29-ին հայտարարություն էր տարածել Կոնստանտին Օրբելյանի` օպերային թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին՝ նշելով. «Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները (Կ. Օրբելյանի լիազորությունների դադարեցման իրավական հիմքերը ներկայացված են կից տեղեկանքում):
Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը»: