Դայանա Ռոսը 75 տարեկան է
75 տարի առաջ այս օրը՝ մարտի 26-ին, ծնվել է աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Դայանա Ռոսը: Իր երաժշտական քայլերը Ռոսը սկսել է The Supremes աղջիկների խմբում, որը 60-ական թ-երի ամենահանրաճանաչ ու հաջողակ համույթներից էր: Խումբը մի շարք հիթեր է թողարկել, այդ թվում՝ Where Did Our Love Go, Baby Love, Come See About Me եւ այլն:
1970-ականների սկզբին, սակայն, The Supremes-ը դադարեց իր գործունեությունը, որից հետո Դայանան սկսեց հանդես գալ՝ որպես անհատ երգչուհի: 1973 թ-ին թողարկված նրա Touch Me in the Morning ձայնասկավառակը մեծ հաջողություն բերեց երգչուհուն:
Դայանա Ռոսը 12 անգամ նոմինացված է եղել «Գրեմմի»-ի, թեպետ երբեք չի ստացել բաղձալի մրցանակը, սակայն 2012 թ-ին արժանացել է «Գրեմմի»-ի հատուկ՝ Lifetime Achievement պարգեւին:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու տարբեր տարիների արտահայտած մտքերից մի քանիսը:
«Չես կարող ձեռքերդ ծալած նստել եւ սպասել, որ քեզ պետք է փոխանցեն քո ոսկե երազանքը: Պետք է դուրս գաս ու ամեն ինչ ինքդ անես»:
«Իհարկե, բոլորն էլ ուսուցիչների կարիք ունեն, բայց նախ եւ առաջ՝ դու պետք է ինքդ հավատաս քո ուժերին»:
«Դիվա լինելու համար երկար ժամանակ է պետք: Պետք է անդադար աշխատել»:
«Երբ կա մեկը, որը հավատում է քեզ, դու կարող ես, նույնիսկ, սարեր շարժել»:
«Ես ուզում եմ ստեղծել մի ինքնակենսագրական, որը, սակայն, չի բացահայտի ոչ մի անձնական դրվագ»:
«Չեմ կարծում՝ լիմուզին նստելուց ու այնտեղից դուրս գալուց դու կարող ես վերածվել կուռքի»:
«Չեմ պատրաստվում նստել եւ սպասել հերթական դերիս: Ես, պարզապես, կարող եմ դուրս գալ եւ երգել»:
«Իմ ճանապարհորդություններն ինձ բերել են այնտեղ, որտեղ ես հիմա կամ: Այդ քայլերը երբեմն շատ ցավոտ են եղել, երբեմն՝ դժվար, բայց ինձ առաջնորդել են դեպի ավելի մեծ երջանկություն եւ հնարավորություններ»:
«Գիտեմ՝ երկրպագուներս ցանկանում են իմանալ, թե ում հետ եմ ես քնում, բայց դա նրանց գործը չէ»:
«Միայն բնությանը հնարավոր չէ ղեկավարել»: