Exclusive. ապրիլին Երևանում կբացվի Dine Sky ռեստորանը
Դուբայում գրանցված ACE ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ձեռնարկել զբոսաշրջությանը խթանող մի շարք նախագծեր, որոնցից առաջինը գործունեություն կծավալի ապրիլից։ Dine Sky ժամանցի կենտրոն-ռեստորանը կգործարկվի ապրիլին, որը կլինի տարածաշրջանում միակն իր ձեւաչափով։ Այն գործում է նաեւ Դուբայում։ NEWS.am Style-ին այս մասին տեղեկացրեց նախագծի տնօրինության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտորյա Մաթեւոսյանը՝ նշելով, որ ընկերությունը տպավորված է Հայաստանում վերջին շրջանում տուրիզմի զարգացմամբ։
Ընկերության ներդրողները` տպավորված լինելով Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զբոսաշրջության աճի եւ բիզնեսի համար բարենպաստ պայմաններով, այս նախագծով ցանկանում են նեցուկ լինել զբոսաշրջության էլ ավելի զարգացմանը»,- ասաց Մաթեւոսյանը՝ ավելացնելով՝ ներդրողները շնորհակալ են ՀՀ կառավարությանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին, որոնք ամեն կերպ աջակցել են Dine Sky նախագծին։
Ըստ նրա՝ երեւանյան Dine Sky-ը լինելու է վերամբարձվող պլատֆորմ՝ նախատեսված 22 անձի համար, որի աթոռները այցելուի ցանկության դեպքում կարող են պտտվել 360 աստիճան։ Պլատֆորմ-ռեստորանի այցելուները պետք է նախապես գրանցվեն։ Երկնքի սիրահար գուրմանները պլատֆորմի վրա կանցկացնեն 1.5 ժամ՝ 50 մետր բարձրության վրա։ Արդեն նախապես ընտրված մենյույով, Dine Sky այցելուները կարող են պատվիրել, տաք ուտեստներ, աղցաններ, խորտիկներ ու աղանդեր։