Կարսում քանդել են Եղիշե Չարենցի տունը
Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքևի հատվածում գտնվող այդ շինությունը՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» հայտնի բանաստեղծության մեջ այդ տան մասին հիշատակում կա. «Թողած Կարսում, գետի ափին տունս շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով»։
Չարենցը ծնվել և մեծացել է Կարսում՝ Կարսի բերդին հարակից ներկայումս Սուքափը կոչվող թաղամասում։ Հարկ է նշել, որ Կարսի կարոտը նրան ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում։
1915-ին հայկական կամավորական 6-րդ ջոկատի կազմում Չարենցը մասնակցել է թուրքերի դեմ մղվող կռիվներին։ Ականատես լինելով ցեղասպանության զարհուրելի տեսարաններին՝ մեծ պոետը այդ տպավորությունների ազդեցությամբ գրել է Հայոց մեծ եղեռնի մասին առաջին գրական ստեղծագործություններից մեկը հանդիսացող «Դանթեական առասպելը»։ Մեծանուն բանաստեղծի կյանքն ընդհատվել է 1937-ին։ Նա բազմաթիվ այլ մտավորականների հետ միասին դառնում է Խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների զոհ։ Տան քանդման հետ կապված այլ մանրամասները դեռևս ճշտվում են։