Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրության մրցույթը կհայտարարվի մարտի սկզբին: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ մրցութային հանձնաժողովն է ընտրելու խորհրդի նախագահին:
«Առաջին անգամ է, որ այսպիսի ընտրություն է անցկացվում: Նախկինում, ինչպես գիտեք, ՀՀ նախագահն էր նշանակում խորհրդի անդամներին: Այսօր, օրենսդրական փոփոխությամբ, մենք կազմավորում ենք մրցութային հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարում և ընտրում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին ու նախագահին: Գործող նախագահի՝ Ռուբեն Ջաղինյանի, լիազորություններն ավարտվում են մարտի 3-ին, դրանից երեք օր հետո պետք է հայտարարվի մրցույթը, այսինքն՝ մարտի 6-ին, և արդեն մրցութային հանձնաժողովը կսկսի ընդունել հայտերը»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ մրցույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շատ մեծ է, կատարվում են տարբեր քննարկումներ ու վերլուծություններ:
«Բայց ուզում եմ մի բան ավելացնել: Ես հունվարի վերջին ստանձնեցի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պարտականությունը: Հավաստիացնում եմ, որ կառավարությունը, իշխանությունը մեր գործերին չեն խառնվում: Ես նույնիսկ լավ իմաստով ինձ անտեսված եմ զգում: Ոչ վարչապետի, ոչ փոխվարչապետների հետ չեմ շփվում, ոչ ոք չի ասում ինձ՝ այս պետք է անես, այն պետք է անես: Այսինքն՝ այդ «դաբրոների» կարգավորման ժամանակն անցյալում է»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Նա համոզված է, որ այս մրցույթը կանցկացվի լուրջ մրցակցության պայմաններում, և կընտրվի այն անձը, ում ծրագիրը կլինի լավագույնը:
«Չնայած ասեմ, որ թեկնածուների հրապարակային ելույթները նայելով, ինձ թվում է, շատերը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու: Մեզ պետք է ոչ թե մի մարդ, ով մշակութային ծրագրեր կիրականացնի, այլ պետք է հասկանա, որ ցանկանում է ստանձնել մի կառույցի ղեկավարի պաշտոնը, որը պետք է դառնա Հայաստանի փափուկ ուժի բաղադրիչներից»,-ասաց Տիգրան Հակոբյանը: