Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին պատմող ֆիլմը, որում նրան մեղադրում են մանկապղծության մեջ
HBO ընկերությունը ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նեվերլենդը» վավերաֆրական ֆիլմի առաջին թրեյլերը, որում երգչի զոհերը նրան մեղադրում են մանկապղծության մեջ։ 4 ժամ տեւողությամբ ֆիլում Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։ «Բոլորը ցանկանում էին հանդիպել Մայքլին կամ լինել նրա հետ։ Եվ այդ ժամանակ սկսում էիր դուր գալ նրան»,- ասում է Սեյֆչակը։
Ռոբսոնը պնդում է, որ նախկինում չի հայտնել կատարվածի մասին, քանի որ երգիչն իրեն սպառնացել է մնացած կյանքը բանտում անցկացնելու հեռանկարով։
«Նա ինձ ասաց, որ եթե ինչ-որ մեկն իմանա այն մասին, թե ինչ ենք մենք արել, մենք մնացած ամբողջ կյանքը բանտում կանցկացնենք»,- ասում է նա։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին «Սանդենս» փառատոնի ընթացքում։ Երգչի հարզաները, իմանալով ֆիլմի՝ էկրաններ բարձրանալեւ մասին, դատապարտել են այդ նախագիծը՝ ֆիլմն անվանելով «Մայքլ Ջեքսոնի անվան միջոցով գումար աշխատելու վրդովվեցնող եւ խղճուկ փորձ»։ Փոփի արքային պաշտպանել է նաեւ Մակոլեյ Կալկինը, ով պատմել է երգչի հետ իր ընկերության մասին եւ տարակուսանք արտայատել, որ ինչ-որ մեկին իրենց հարաբերությունները կասկածելի են թվացել.
«Դու երբեւէ ստիպված եղե՞լ ես պարզաբանել ընկերական հարաբերությունները։ Ինձ համար դա նորմալ էր։ Մյուսները ինչ-որ արտասովոր բան են պատկերացնում, բայց դա սովորական ընկերություն էր»,- պատմել է դերասանը։
HBO-ի եթերում ֆիլմը կցուցադրվի մարտի 3-ին եւ 4-ին։