Սոնայի ու Դավոյի միանման դաջվածքներն ամուսնության առթիվ ու ընտանեկան կյանքի մանրամասները
Նախորդ տարվա սեպտեմբերին հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն` Դավիթ Միրոյանը, ամուսնացան։
Tert.am Life-ը Սոնայի հետ զրուցել է ընտանեկան կյանքի բերած փոփոխությունների, ամուսնու հետ հարաբերությունների և ընտանիքի համալրման մասին։
6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնական կյանքը բերել է իր փոփոխությունները, սակայն ընտանեկան կյանքում դժվարություններ, որպես այդպիսին, Սոնայի համար չկան։
Նրա խոսքով` հիմա միակ տարբերությունն այն է, որ սկսել են միասին ապրել. «Կարող եմ ասել, որ հակառակը՝ ամուսնությունը հեշտացրել է մեր առօրյան։ Բավականին երկար ենք ընկերություն արել ու հասցրել ենք լավ ծանոթանալ մեկս մյուսի բնավորության մութ կողմերին։ Իրար հարմարվելու փուլը մեզ մոտ վաղուց է անցել»։
Հաղորդավարուհին նկատեց, որ հիմա կենցաղային պատասխանատվությունն է մեծացել. պետք է առօրյան ճիշտ կազմակերպել ու ամեն ինչ հասցնել։ Սոնան վստահեցնում է` իրենց նորաստեղծ ընտանիքում վեճեր չեն լինում։
«Անկախ նրանից, թե ում հետ ես ապրում մեկ հարկի տակ՝ ծնողների՞դ, թե՞ ամուսնուդ, կարող են լինել հարցեր, որոնց մասին տարբեր կարծիք կունենաք։ Դա նորմալ է, չեմ կարծում, որ տարակարծությունը վեճի պատճառ կարող է դառնալ։ Փորձելով ընդհանուր հայտարարի գալ՝ մենք ընդունում ենք միմյանց կարծիքն ու, ի վերջո, մեկս զիջում է»,– ասաց նա։
Ամուսնությունից հետո Սոնան ու Դավիթը միանման դաջվածքներ են արել մատնեմատներին։ Հաղորդավարուհին պատմեց, որ հարսանիքից հետո Դավիթն ուզում էր այնպիսի դաջվածք ունենալ, որը կխորհրդանշեր իրենց օրը։
«Նա մտածում էր, թե մարմնի որ հատվածում դաջվածք անի մեր օրվա հետ կապված, առաջարկեց միանման դաջվածք ունենալ։ Այս դաջվածքները դրական և ուրախ հիշողությունների հետ են ասոցացվում, ի դեպ, նաև պրակտիկ են։ Հաճախ Դավիթը կարող է մատանին մոռանալ տանը, այս դաջվածքը, կարծես, մատանուն փոխարինող սիմվոլ է դարձել»,- պատմեց Սոնան։
Ամուսնությունից հետո աշխատանքային գրաֆիկը սեղմացնելու խնդիր էլ չի առաջացել։ Հաղորդավարուհին նկատեց, որ իրենց ծանոթության ժամանակ ինքն արդեն աշխատում էր հագեցած գրաֆիկով և ոգևորությամբ ասաց, որ Դավիթը երբևէ չի անդրադարձել իր աշխատելու–չաշխատելու թեմային։
«Հուրախություն ինձ, Դավիթն այն մարդկանցից չէ, որոնք մտածում են, թե կինը պետք է նստի տանը, չաշխատի կամ համեմատաբար քիչ աշխատի։ Ամուսինս էությամբ այնպիսին է, որ սիրում է առաջընթաց։ Նա առաջինն է, որ խրախուսում է ինձ առաջ գնալ, քաջալերում ինձ, նույնիսկ, եթե նոր նախագիծը ենթադրում է ավելի մեծ զբաղվածություն, հետևաբար, ավելի քիչ լինել տանը ու զբաղվել առօրյա հոգսերով»,– աաաց նա։
Հաղորդավարուհու փոխանցմամբ` ամուսնությունից հետո թե´ իր, թե´ ամուսնու գրաֆիկը շատ ավելի ծանրաբեռնված է դարձել։ «Ուշ երեկոյան, երբ, վերջապես, երկուսս էլ տանն ենք, սկսում ենք քննարկել օրվա իրադարձությունները, կիսվել տպավորություններով։ Քանի որ երկուսս էլ շատ ենք սիրում ֆիլմեր, հաճախ ժամանակն անցկացնում ենք հետաքրքիր ֆիլմ դիտելով։ Նոր հետաքրքրություն ենք գտել, վերջին շրջանում սկսել ենք ամերիկյան սերիալներ նայել»,– պատմեց նա ու հավելեց, որ հաճախ հյուրընկալում են ընկերներին և խաղային հետաքրքիր երեկոներ կազմակերպում։
Ընտանիքի համալրումը շատ նուրբ ու նեղանձնական թեմա է Սոնայի ու Դավթի համար։ «Մենք այդ մասին չենք սիրում խոսել, որովհետև կարծում ենք, որ դա երկուսիս որոշումը պետք է լինի ու չպետք է քննարկվի ոչ ծնողների, ոչ ընկերների, ոչ էլ ամենահարազատ մարդկանց հետ։ Երբ մենք որոշենք, որ պատրաստ ենք ծնող դառնալ, բոլորը կիմանան այդ մասին»,– ասաց Սոնան։