Հայտնի են «Գրեմմի»-2019-ի մրցանակակիրների անունները
Ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի` «Գրեմմիի» հաղթողներն արժանացել են պանծալի արձանիկին: «Արմենպրես»—ի հաղորդմամբ` 61-րդ մրցանակաբաշխությունն անցկացվել է փետրվարի 11-ին Լոս-Անջելեսի Staples Center սրահում:
«Տարվա ալբոմ» անվանակարգում մրցանակը հանձնվել է քանթրի երաժշտական ժանրում ստեղծագործող երգչուհի Քեյսի Մասգրեյվսին՝ «Golden Hour» ալբոմի համար:
«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է կանադացի ռեփեր Դրեյքի «God’s Plan» հիթը:
«Լավագույն սկսնակ արտիստ» է ճանաչվել Դուա Լիպան:
«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում «Գրեմմին» հանձնվել է Քարդի Բիին՝ «Invasion of Privacy» ալբոմի համար:
«Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է H.E.R.-ին՝ իր H.E.R. համանուն ալբոմի համար:
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Childish Gambino-ը՝ «This is America» երգով: Այն հաղթող է դարձել նաև «Տարվա երգ» և «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:
«Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում մրցանակով նշվել է Արիանա Գրանդեի «Sweetener» սկավառակը:
«Լավագույն փոփ կատարում» է ճանաչվել Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի «Shallow» երգը:
«Լավագույն ռոք ալբոմ» է համարվել Գրետա Վան Ֆլիթի «From the Fires» ձայնասկավառակը:
«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթել է Քրիս Քորնելը «When Bad Does Good» երգով:
«Լավագույն ռոք երգ» անվանակարգի առաջին հորիզոնականում հայտնվել է St Vincent-ի «Masseduction»-ը:
Տարվա պրոդյուսերը Ֆարել Ուիլյամսն է:
«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրվել էր Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացվել է հայտնի «Դելոս» ընկերության կողմից։ Այդ անվանակարգում, սակայն, հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ: