Արթուր Հայրապետյան. «Մշակույթի նախարարության եւ կինոկենտրոնի «շուստրիյ դուետի» քաղաքականության միջոցով ամեն բան արվում է, որպեսզի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկի վարսերը» ֆիլմի վերջնական ծնունդը վիժեցնեն»
Կինոարտադրություն չունենք բավական չէ, դեռ մի բան էլ մշակույթի նախարարության եւ կինոկենտրոնի «շուստրիյ դուետի» քաղաքականության միջոցով ամեն բան արվում է, որպեսզի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկի վարսերը» ֆիլմի վերջնական ծնունդը վիժեցնեն։ Ցանկացած զարգացած երկրում, ցանկացած գերատեսչության ղեկավար արդարացիորեն աշխատանքից կազատեր իր այնպիսի աշխատակիցներին, որոնք նպաստել կարող են անազնիվ գործարքի իրականացմանը: Այս պարագայում խոսքը գնում է մշակույթի հետ գործ ունեցող երկու ղեկավար կանանց գործելաոճի մասին` համեմված անհեթեթ բացատրություններով, որոնց տողատակում ընկած է ֆիլմի շարունակության կասեցումը, այն դեպքում, երբ ֆիլմը ոչ միայն մեր երկրին պատիվ կբերեր, այլ դրա կասեցումը որոշ արտերկրյա կառույցների ու նրանց ներկայացուցիչների մոտ կհարուցի խիստ կասկած մեր երկրում տիրող արդարության, մարդասիրության, ստեղծվող մշակույթի հանդեպ։ Էլ չեմ ասում, որ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ԱԺ-ի բակում արդեն քանի օր է հացադուլ է անում, իսկ պետությունն այս ոչ պակաս կարևոր խնդիրն անտեսում է։ Եվ այլևս չեմ հասկանում ու չգիտեմ` ինչ արժեք ունի մեր երկրում ստեղծագործող մարդը.. ՄԱՐԴԸ: