Փառատոներ, հոբելյանական երեկոներ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը կներկայանա հետաքրքիր ծրագրերով
Հայաստանի կոմպոզիտորների միությունը նախատեսում է տարվա ընթացքում երիտասարդ կոմպոզիտորների, սիմֆոնիկ և կամերային երաժշտության փառատոներ, Ռուբեն Ալթունյանի, Վլադիլեն Բալյանի, Գեղունի Չթչյանի և այլ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգային ծրագրեր կազմակերպել:
Սպասվող միջոցառումների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»—ի թղթակիցը զրուցել է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ:
«Վերջերս զրուցել եմ մի քանի երաժշտական դպրոցների տնօրենների հետ, որպեսզի դպրոցների ծրագրում ներառեն այն կոմպոզիտորների գործերը, որոնք գրում են մանկական ստեղծագործություններ: Մենք` ժամանակակից կոմպոզիտորներս, հաճախ ենք այցելում երաժշտական դպրոցներ և հանդիպում այնտեղի սաներին: Պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի է: Երեխաների անմիջականությունը հրաշալի է»,-ասաց նա և հավելեց, որ հունիսի 1-ին`Երեխաների պաշտպանության միջազգային օրը, միության դահլիճում հանդես կգան երաժշտական դպրոցների լավագույն կատարողները:
Անդրադառնալով փառատոներին, համերգային ծրագրերին, այլ երկրներում ելույթներ ունենալուն` Սաթյանը շեշտեց, որ ծրագրերը շատ են, բայց դրանք անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ, որն այսօր կառուցվածքային խնդիրներ ունի:
«Մեր ծրագրերը մասամբ ֆինանսավորում է նախարարությունը: 2018 թվականի ապրիլից դադարեցվել է միության ամենամսյա պետական ֆինանսավորումը, մի շարք նամակներ ենք գրել, բարձրացրել մեր ձայնը, դեռ սպասում ենք: Մենք մեր ուժերով փորձում ենք իրականացնել ծրագրեր, որոնք փոքր ֆինանսական միջոցներ են պահանջում:
Լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար անպայման պետք է պայմանավորվենք Մշակույթի նախարարության հետ, քանի որ ներգրավում ենք այդ կառույցի ենթակայության տակ գտնվող կոլեկտիվների, մենակատարների:
Օրինակ՝ Երիտասարդ կոմպոզիտորների, պատանի կոմպոզիտորների երաժշտության փառատոներ, հայ ժամանակակից երաժշտության փառատոն, նախագծեր այլ երկրների կոմպոզիտորական կառույցների հետ և այլն»,-ներկայացրեց Սաթյանը:
Նրա խոսքով` թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց մեր մշակույթի հետ հաշվի են նստում: «Արտերկրից Հայաստան եկող մարդիկ զարմանում են, որ մենք կարողացել ենք պահպանել մեր կոլեկտիվները, նշում են, որ լավ երաժշտություն ունենք: Նրանք ափսոսում են, որ այն քիչ է հնչում: Պատճառն այն է, որ չկա պրոպագանդա: Հաճախ ենք ասում, որ երաժշտությունը պետք է եկամուտ բերի, բայց ինչպե՞ս բերի: Գովազդներ են անհրաժեշտ, ներդրումներ են պետք»,-ընդգծեց Սաթյանը:
Խոսելով Էդվարդ Միրզոյանի անվան Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան դահլիճի նորոգման մասին`միության նախագահն ասաց, որ պետության աջակցությամբ արվել են հաշվարկներ, որպեսզի պարզ լինի, թե որքան գումար է անհրաժեշտ նորոգման համար: «Մարտին կամ ապրիլին կհայտարարվի տենդեր ու կորոշվի, թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները»,-նշեց Սաթյանը: