Կարեն Բոքսյանի անակնկալ նշանադրությունը
Երգիչ Կարեն Բոքսյանը շուտով կլքի ամուրիների շարքը: Նրա ընտրյալն ազգությամբ հայ, ամերիկաբնակ իրավաբան 25-ամյա Էլիզաբեթն է: Իրենց ռոմանտիկ սիրո պատմությունը եւ անակնկալ նշանադրության մանրամասները զույգն առաջինը վստահել է BRAVO.am-ին:
Առաջին հանդիպում
Առաջին անգամ նրան լոսանջելեսյան ռեստորաններից մեկում եմ տեսել: Ես երգում էի, իսկ նա տոնում էր իր ծննդյան տարեդարձը: Բեմի վրա կանգնած՝ անբացատրելի զգացում ունեցա… Ո՞վ է նա, որ կարողացավ այդքան հույզեր ու հետաքրքրություն առաջացնել իմ հոգում: Ցավոք, այդ օրը չկարողացա նրա հետ ծանոթանալ. շտապում էի, բայց ճակատագիրը մեզ համար հանդիպում դեռ պատրաստելու էր:
Շնորհանդեսից՝ ժամադրություն
Մեր առաջին հանդիպումից բավական ժամանակ անց հանդիպեցինք փողոցում: Երկուսս էլ զարմացած էինք, բայց այնպիսի զգացում էր, որ իրար երկար տարիներ է՝ գիտենք: Ես Էլիզաբեթին հրավիրեցի իմ՝ «Մորենա» երգի պրեմիերային: Նա ընդունեց հրավերը: Հենց պրեմիերայի օրն էլ հրավիրեցի մեր առաջին ժամադրությանը:
«Երկար եմ սպասել»
Իմ տարիքում ցանկացած տղամարդ էլ արդեն գիտակցում է, թե ում է ուզում տեսնել իր կողքին ամբողջ կյանքում: Նա այն մարդն է, ում այդքան երկար սպասել եմ: Ես երազում էի ընտանիք կազմելու մասին: Երգերիցս մեկում այսպիսի տողեր կան՝ «Ես կգտնեմ քեզ, քո ժպիտն ինձ կուղեկցի, քո հայացքն իմ հոգում կլինի, քեզ ամբոխի մեջ կգտնեմ»: Ինձ հենց նրա ժպիտը գերեց:
Հարազատ հոգիներ
Կարեն. Ես նրա մեջ հարազատ հոգի գտա: Երբ միասին ենք, չեմ զգում՝ ինչպես է ժամանակն անցնում, չեմ ուզում բաժանվել նրանից:
Էլիզաբեթ. Կարենը տարբերվում է բոլորից իր ազնվությամբ: Նա առաջին ժամադրությանն այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որ չէի ուզում երեկոն ավարտվեր:
Առաջ եւ հետո
Կարեն. Մինչ Էլիզային հանդիպելը ես փնտրում էի նրան, ում հետ կապրեմ ամբողջ կյանքս: Մեր առաջին հանդիպումից հետո հասկացա, որ գտել եմ, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն: Էլիզան իմ կյանքում լցրեց այն տեղը, որը դատարկ էր. սա մեծ երջանկություն է:
Էլիզաբեթ. Մինչ մեր հանդիպելը ես զբաղված էի աշխատանքով եւ դասերով: Կարենին հանդիպելուց հետո սկսեցի ապագայի պլաններ կազմել, մտածել, թե ինչպիսին կլինի իմ ընտանիքը: Հասկացա, որ պատրաստ եմ Կարենի հետ մի ամբողջ կյանք ապրել:
Նշանադրությունը՝ վենետիկյան ոճով
Միացյալ Նահանգներում Գոհաբանության օրն էր: Էլիզային ասացի, որ ուզում եմ օվկիանոսի ափին ֆոտոշարք իրականացնենք՝ որպես հուշ: Նավակի մեջ էինք, հանեցի մատանին ու առաջարկություն արեցի: Համաձայնեց: Այդ օրը երբեք չենք մոռանա: Երկար էի պատրաստվել, ու անակնկալը ստացվեց: Հարսանիքի օրը դեռ չենք որոշել, բայց այն սարերի հետեւում չէ: