Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են. նման համոզմունք է հայտնել Forbes հեղինակավոր պարբերականը «Համտեսեք այս ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիրն անդրադարձ է կատարել երկու երկրների խոհանոցների ավանդական ճաշատեսակներին ու խմիչքներին։
«Վրաստանի և Հայաստանի ճաշատեսակները տարածաշրջանի մշակույթը հասկանալու համար կատարյալ միջոցներ են: Խոհարարական նման շրջագայությունը կլինի լավագույն տարբերակը՝ ուսումնասիրելու տարածաշրջանը՝ «համեղ ոճով»,-ասված է հոդվածում:
Հոդվածագիրն հայկական ավանդական խոհանոցից առանձնացրել է հայկական ոճով պատրաստված խորովածը: Նա նկատել է, որ խորովածը Հայաստանում նաև մեծ բիզնես է: «Նրանք համեմում ու շամփուրի վրա են շարում միսը՝ հաճախ խոզի, խորովում են և մատուցում ընտանեկան հավաքներին»,-նշված է նյութում:
Հոդվածագրի աչքից չի վրիպել նաև հայկական ավանդական կոնյակը: « Երևանի կոնյակի գործարանը 1887-ից սկսած թորում է «Արարատ»՝ օգտագործելով սպիտակ խաղող և աղբյուրի ջուր: Այն արվում է ըստ ավանդական մեթոդի, որը ժամանակի ընթացքում անփոփոխ է մնացել»:
Հեղինակն ընթերցողներին առաջարկել է նաև փոքրիկ շրջայց անցկացնել գործարանում՝ իհարկե անպայման համտեսելով կոնյակը: Այնուհետև նա խորհուրդ է տվել այցելել նաև «Արարատ» թանգարան՝ հասկանալու, թե ինչ լեգենդար կոնյակ է այն:
Հեղինակը վրացական խոհանոցից անդրադարձ է կատարել, դե իհարկե, վրացական ավանդական խաչապուրիին, գինուն: Նա առաջարկել է այցելել վրացական հայտնի գինու գործարան՝ հասկանալու, թե աշխարհի մյուս երկրների համեմատ վրացական գինին ինչպես է պատրաստվում ու շշալցվում: Նա խրախուսել է վրացական գինու և պանրի համադրությունը, որը հիանալի կլինի ճաշակել տեղական ֆերմաներից մեկում ընտանիքի հետ: