Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Կոմպոզիտոր, դաշնակահար
22 հունվար, 1921 — 11 նոյեմբեր, 1983
Ծնվել է Երևանում: 1929թ. ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց: Ինը տարեկան հասակում գրել է «Պիոներական քայլերգ»-ը, որ հրատարակվել է Ե.Չարենցի աջակցությամբ: 1947թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Վարդգես Տալյանիստեղծագործական դասարանը, 1948թ.՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ Կոնստանտին Իգումնովի դաշնամուրի դասարանը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում՝ Դ.Լիտինսկու, Ն.Պեյկոյի և Վ.Ցուկերմանի մոտ: Եղել է աչքի ընկնող դաշնակահար, աոանձնապես հռչակվել է իր ստեղծագործությունների կատարմամբ: 1950-56թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Կոմպոզիտորի ստեղծագործական ոճի ձևավորումն ընթացել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ, որ առավել արտահայտվել է վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944թ.) և ջութակի (1949թ.) կոնցերտներում (նվագախմբի հետ): Նրա ստեղծագործական անհատականության գծերը արդեն պարզորոշ նշմարվել են դաշնամուրի և նվագախմբի համար գրած մոնումենտալ, ռոմանտիկ «Հերոսական բալլադի» (1950թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951թ.), ապա դաշնամուրային տրիոյի (1952թ.) երաժշտության մեջ: Դրամատիկ սուր հակադրություններով, երաժշտական լեզվի դինամիկ հագեցվածությամբ առանձնանում են ջութակի և դաշնամուրի համար գրված սոնատը (1959թ.) և թավջութակի կոնցերտը (1962թ.): Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը Պրահայում կայացած դեմոկրատական երիտասարդության համաշխարհային փառատոնում (1947թ.) արժանացել են առաջին մրցանակի: Լայն ժողովրդականություն է վայելել «Էլեգիան», «Նոկտյուրնը», «Հայկական ռապսոդիան» (1950թ., համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան): Ժամանակին նորարարական բնույթ են կրել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947թ., երկրորդ խմբագրություն՝ 1956թ.), հատկապես «Վեց պատկերը» (1965թ., ՀՀ Պետական մրցանակ, 1966թ.), համար 3 կվարտետը (1976թ.): Գրել է քաղաքացիական («Բարձր պահենք բարեկամության դրոշները», «Երկրագնդի լավագույն քաղաքը») և քնարական («Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլն) երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն) համար: Հազվագյուտ բնատուր տաղանդը, արդիականության կենդանի զգացողությունը, երաժշտական արտահայտման վառ պատկերավորումը կոմպոզիտորին դարձրել են սովետական երաժշտության առաջատար ներկայացուցիչներից մեկը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ., ՀՀ Պետական մրցանակ, 1983թ.) և այլն: 1956թ-ից բնակվել և ստեղծագործել է նաև Մոսկվայում: 1960թ. արժանացել է Հայաստանի, 1971թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: Երևանում Առնո Բաբաջանյանի անունով կոչվել է փողոց, կանգնեցվել նրա հուշարձանը (2003թ., քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան):