Ռիհաննան հոր դեմ հայց է ներկայացրել
Հայտնի երգչուհի Ռիհաննան (Ռիհաննա Ֆենտի) հայտարարել է, որ հայրը՝ Ռոնալդ Ֆենտին, շահադիտական նպատակներով օգտագործում է Fenty ապրանքանիշի անվանումը, որն ասոցացվում է իր հետ։
Հայտնի երգչուհու հայրը Fenty Entertainment անունով կազմակերպություն է ստեղծել, որը զբաղվում է տաղանդների որոնմամբ՝ փորձելով աղջկա անվան միջոցով եկամուտ ստանալ։ Ռիհաննան, ով հիմնել է Fenty Beauty եւ Savage x Fenty ապրանքանիշերը, նշում է, որ մի քանի անգամ հորը խնդրել է բիզնեսը չվարել իր անունից, սակայն վերջինս արհամարհել է երգչուհու խնդրանքը։
Ինչպես հայտնում է Variety-ին, հայցում նշված է, որ մինչեւ վերջերս Fenty Entertainment-ը հայտարարում էր երգչուհու հետ կապի մասին՝ ներդրումներ գրավելու համար։ Ռոնալդ Ֆենտին փորձել է նաեւ Fenty ապրանքանշանը գրանցել հյուրանոցների ցանցի համար, թեեւ Ռիհաննայի ընկերությունը դա արդեն արել է։ Բացի այդ՝ նա փորձել է համաձայնության գալ SBS Entertainment ընկերության հետ Լատինական Ամերկայում երգչուհու մասնակցությամբ 15 մլն դոլար արժողությամբ համերգային շրջագայության վերաբերյալ։
«Ֆենտիի եւ նրա գործընկեր Պերկինսի, ինչպես նաեւ կազմակերպության խարդախ գործողությունները հատկապես աղաղակող են, քանի որ նրանց մի քանի անգամ ասվել է դադարեցնել տեղեկատվության աղավաղումը, Ռիհաննայի եւ Fenty ապրանքանիշի համբավն օգտագործելու փորձերը»,- ասված է հայցում։
Ռիհաննան հորը եւ նրա գործընկերոջը մեղադրում է անձնական կյանքին միջամտելու եւ անբարեխիղճ գովազդի համար։ Հայցադիմումում նա խնդրում է Ռոնալդ Ֆենտիին արգելել օգտագործել Fenty ապրանքանշանը կամ անօրինական կերպով ներկայացնել դստերը։