Մարզական տարվա 5 ամենատպավորիչ հաղթանակները
Տարվա վերջին օրերին փորձում ենք վերհիշել անցնող տարվա մեր ձեռքբերումների, բացթողումների, տեսածի և չտեսածի, գտածի և կորցրածի մասին, նոր հետևություններով խոստանում ենք սկսել նոր տարին` ազատվելով հին սխալների կրկնությունից: Այս տարին հայ մարզիկներին մի նոր փորձառություն տվեց, բայց և ստիպեց հարգանքով ընդունել պարտությունը, խոսել հաղթողի լեզվով և լռել պարտության լռությամբ:
«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող տարվա 5 ամենատպավորիչ հաղթանակները.
Անցնող տարվա լավագույններից լավագույնը, անշուշտ, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էր, ով 2018 թվականին 109 կգ քաշային կարգում ամենաուժեղ մարդն էր աշխարհում: Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ: Հրումում Մարտիրոսյանը բարձրացրեց 240 կգ: Հայ ծանրորդը միաժամանակ սահմանեց 3 աշխարհի ռեկորդ: Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն.
Տարվա ամենաանսպասելի հաջողությունը գրանցեց ջրացատկի նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Գլազգոյում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հարությունյան-Սարգսյան զույգ սինքրոն ցատկերում գրավեց 3-րդ տեղը` նվաճելով Հայաստանի պատմության մեջ առաջին բրոնզե մեդալն այս մարզաձև.
Անցնող տարվա նշանակալից մեդալներից մեկը ձյուդո մարզաձևից էր, որտեղ Հայաստանը 13 տարի անց կրկին Եվրոպայի չեմպիոն ունեցավ: Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆերդինանդ Կարապետյանը 4 անընդմեջ հաղթանակից հետո հաղթեց նաև եզրափակիչում` գերազանցելով ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին.
Հայկական սպորտի ոչ հենակետային մարզաձևում, ինչպիսին հեծանվասպորտն է, մեդալներն առավել մեծ արժեք և նշանակություն ունեն: Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում առաջինը հասավ եզրագծին` դառնալով չեմպիոն:
Եվ երիտասարդների մեջ իրենց մասին խոսել տվեցին պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչները: Բուենոս Այրեսի 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի 77 կգ քաշում Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 141 կգ, այնուհետ հրեց 168 կգ և երկամարտի 309 կգ արդյունքով դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը: